Դեկտեմբերի 22-ին շատ երկրներում, այդ թվում Հայաստանում նշվում է Էներգետիկի օրը։ Այդ կապակցությամբ Banks.am-ը զրուցել է 2011 թվականից Հայաստանում գործող արեւային էներգետիկայի ոլորտի հիմնադիր եւ առաջատար ընկերություններից մեկի՝ «Շտիգեն»-ի հիմնադիր Հայկ Շեկյանի հետ:

— Պարոն Շեկյան, Ձեր ղեկավարած ընկերությունը շուրջ 10 տարի զբաղվում է արեւային էներգիայով։ Վերջերս որոշել եք նաեւ էլեկտրական տրանսպորտի ոլորտ մտնել, որը, կարծես, մեծ ծավալներ չունի երկրում։ Ինչո՞վ է պայմանավորված որոշումը:

— «Շտիգեն» ընկերության մասնագիտացումը էներգետիկ նոր տեխնոլոգիաների լայն սպեկտորն է, եւ էլեկտրական տրանսպորտի ոլորտ մտնելը շատ բանով չի տարբերվում սրանից 10 տարի առաջ արեւային էներգետիկայի ոլորտ մտնելու որոշումից։ Նպաստող հանգամանքներից էին օրենսդրության բարելավումները (մաքսատուրքերի, ԱԱՀ-ի հետ կապված արտոնություններ), տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը եւ մի շարք այլ գործոններ:

— Որքանո՞վ է էլեկտրական տրանսպորտի ոլորտի զարգացման խնդիրն ակտուալ այսօրվա Հայաստանում՝ քաղաքական ու տնտեսական անկայունության պայմաններում։

— Պատերազմի հետեւանքները լուրջ հարված են տնտեսության բոլոր ճյուղերի եւ տնտեսվարողների սպասումների վրա, այդ թվում եւ նոր ձեւավորվող էլեկտրական տրանսպորտի ոլորտում։ Սակայն ինչքան էլ խոչընդոտները մեծ լինեն, միանշանակ է, որ 21-րդ դարի մեքենան էլեկտրական մեքենան է։ Հենց այսօր մարդկանց այլ հարցեր են մտահոգում, սակայն ես կարող եմ վստահորեն պնդել, որ էլեկտրական տրանսպորտի զարգացումը մեր երկրի համար կարեւորագույն հեռանկարային ուղղություն է, որը պետք է հետեւողական եւ էական պետական աջակցության արժանանա։Էլեկտրական տրանսպորտն ունի տնտեսության բոլոր արժեշղթաներում հանածո վառելիքներից կախվածությունը նվազեցնելու հսկայական ներուժ։ Տրանսպորտային ծախսերի բաղադրիչի մեծ կշիռը թույլ չի տալիս մեզ մի շարք ոլորտներում մրցունակ լինել տարածաշրջանում, այդ պատճառով ծախսերի կրճատումն ու ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնելը տնտեսական զարգացման լուրջ խթան կհանդիսանան։ Բնականաբար կա նաեւ շրջակա միջավայրի վրա դրական ազդեցության հանգամանքը, որին, ցավոք, հայաստանյան սպառողը պակաս ուշադրություն է դարձնում։

— էլեկտրամոբիլը շատ հաճախ ասոցացվում են Տեսլայի հետ: Ի՞նչ մակնիշի էլեկտրամոբիլներ է ներկրում Ձեր ընկերությունը:

— Աշխատում ենք չինական Hozon ավտոկոնցերնի հետ, որն առաջին տարին չէ ոլորտում եւ ունի հետաքրքիր տեսականի՝ սկսած մարդատար մեքենաներից մինչեւ բեռնատարներ ու քաղաքային տրանսպորտ: Այս պահին տեղում ներկայացրել ենք Neta N01 եւ Neta U մարդատարները: Առաջինը շատ հարմար է քաղաքներում առաքման, սուրհանդակային ծառայությունների, ընկերությունների մենեջերների, տաքսի ծառայությունների համար: Neta U-ն կոմպակտ «քրոսովեր» տեսակի մեքենա է, ունի մեկ լիցքավորմամբ 500 կմ վարելու ունակություն: Մոտ ապագայում նախատեսում ենք ներկայացնել նաեւ էլեկտրական բեռնափոխադրող մեքենաներ, սակայն դրա համար խիստ կարեւոր է այդ դասի տրանսպորտի մաքսատուրքից ու ԱԱՀ-ից ազատումը պետության կողմից, ինչպես արվել է մարդատար տրանսպորտի դեպքում։

Տեսլայի հետ ասոցացնելը բնական է, ինչպես որ լուսապատճենն ասոցացնում են Xerox-ի հետ, ինչն ամենեւին չի նշանակում, որ հենց դա է լավագույն առաջարկը: Բնականաբար, մենք որեւէ բացասական բան չենք կարող ասել Տեսլայի մասին։ Այն հեղափոխական եւ մեծ ծավալի աշխատանք է կատարել, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է մեր պահանջարկը, կարիքները, հնարավորությունները համադրել առաջարկի հետ: