Փետրվարի վերջին Սիներջի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Արևային էներգետիկան բիզնեսի համար․ արդյունավետ ներդրման Սիներջիի օրինակը բիզնես հանդիպումը։ Միջոցառման ընթացքում նախ տեղի ունեցավ բիզնես կենտրոնի տանիքին վերջերս տեղադրված արևային կայանի հանդիսավոր բացման արարողությունը, որին հաջորդեց բիզնեսի համար արևային էներգետիկայի դերի ու նշանակության ներկայացում-քննարկում։ Միջոցառումը եզրափակվեց մտքերի փոխանակմամբ ու կառուցողական երկխոսությամբ՝ հաճելի մթնոլորտում։ Բիզնես հանդիպումը մեկնարկեց Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի և Շտիգեն ընկերությունների խմբի հիմնադիր, Շտիգեն ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Շեկյանի կողմից Սիներջի բիզնես կենտրոնում տեղադրված 96կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի հանդիսավոր բացման արարողությամբ։

Կարմիր ժապավենը կտրելուց հետո, պարոն Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես որոշեցին անցնել արևային տեխնոլոգիային և ինչպես ընտրեցին մատակարար ընկերությանը։ Ընկերության ղեկավարի խոսքերով, մրցույթին մասնակցող մոտ մեկ տասնյակ ընկերություններից առաջարկի գրագիտությամբ և գնի համադրությամբ առանձնացավ Շտիգենը։ «Հայտատարվել էր բավական խիստ մրցույթ, իր բոլոր տեխնիկական պահանջներով։ Աշխատել ենք տարբեր ընկերությունների հետ, որոնցից հինգի առաջարկները դիտարկել եմ անձամբ։ Ես հանգիստ խղճով կարող եմ խորհուրդ տալ այս ընկերության ծառայությունները»,- բացման իր խոսքում, դիմելով միջոցառման հյուրերին, ասաց Աշոտ Հովհաննիսյանը՝ կատակելով, որ այս խոսքերն ասում է անկեղծ մտքով, քանի որ Շտիգենից միջնորդավճար չունի։