Արցախի Մարտունու արհեստագործական ուսումնարանն էներգետիկ անկախություն կունենա
29 Դեկտեմբերի, 2022
Խոշոր նվիրատվությամբ Shtigen Group-ի «Արևածագ Արցախում» նախագծին է միացել Telcell ընկերությունը. ամանորի կորպորատիվ նվերների փոխարեն Արցախի արևածագին հատկացված 7.4 միլիոն դրամը կուղղվի Մարտունու արհեստագործական ուսումնարանի լիակատար արևայնացմանը։
Telcell ընկերությունը, շուկայում դիրքավորվելով որպես վճարահաշվարկային ազգային օպերատոր, կարևորում է համայնքային զարգացման ծրագրերին աջակցությունը։
«Այս տարի որոշել ենք մեր գործընկերների հետ միասին ներդրում ունենալ Արցախի երիտասարդների մասնագիտական զարգացման գործում։ Էներգետիկ անկախությունը ներկայումս կարևորագույն առաջնահերթություններից է Արցախի համար։ «Արևածագ Արցախում» նախագիծը կենսական հարց է լուծում․ արևային վահանակների և ջրատաքացուցիչների շնորհիվ Մարտունու արհեստագործական ուսումնարանը կապահովվի էլեկտրաէներգիայով և տաք ջրով․ դա կնպաստի կրթօջախի բնականոն գործունեությանը։ Կարծում ենք՝ նոր հմտությունների ձեռքբերումը լուրջ և երկարաժամկետ հեռանկար է ստեղծում ապագայի համար»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանը:
Արևային սարքերը տարեկան կխնայեն մոտ մեկ միլիոն դրամ, որով ուսումնարանը կհոգա իր` հատկապես պատերազմից հետո ավելացած կարիքները։
«Այս իրավիճակում, երբ Արցախն աշխարհին կապող ճանապարհը պարբերաբար փակվում է, թշնամին զրկում է մեզ գազից, էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածության պատճառով էլեկտրաէներգիան է անջատվում, արևային սարքերը կարող են դառնալ էական այլընտրանք և մեծ խնդիրներ լուծել։ Բացի այդ, նախատեսում ենք տնտեսված միջոցներով ձեռք բերել ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ սարքեր, գործիքներ»,- ասում է ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանը, որը թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմում տասնյակ ընկերների հետ պայքար է մղել թշնամու դեմ՝ անառիկ պահելով իր ծննդավայրը՝ Մարտունին։
TelCell-ը «Արևածագ Արցախում»-ին միացել էր դեռ ամիսներ առաջ՝ հնարավորություն ստեղծելով նախագծին նվիրատվություններ կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։
«Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է` արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն և անվտանգություն։ Shtigen Group-ի միջոցներով, անհատների, սփյուռքի մեր հայրենակիցների, հայկական կառույցների օժանդակությամբ Արցախում ավելի քան 130 տուն ապահովված է մշտական տաք ջրով։ Նախագծի շրջանակում արևային կայան ու արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում։
Հ․Գ․ Երբ զանգահարեցինք Մարտունու արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանին՝ տեղեկացնելու, որ նման ծրագիր է իրականացվելու, արձագանքից ինքներս հուզվեցինք։ Ասաց՝ «չեք պատկերացնի, թե այս օրերին ի՜նչ նշանակություն ունի մեզ համար այս լուրը. սիրտներս լցվեց»։