Արցախում էներգետիկ անկախություն հաստատելու նպատակով Shtigen Group-ը 2022 թ․ ապրիլից սկսեց իրականացնել «Արևածագ Արցախում» նախագիծը։ Այդ նպատակին ընդառաջ՝ ընկերությունների խումբը կատարեց առաջին նվիրատվությունը՝ 12 արևային ջրատաքացուցիչ տեղադրելով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և բազմազավակ ընտանիքների տների տանիքներին։ Այդ ընտանիքները մի քանի տասնամյակ մշտապես անվճար տաք ջուր կունենան։
«Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում արևային ջրատաքացուցիչներով և արևային կայանով համալրվեց նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը։ Ի դեպ, 2021-ին էլ արևային ջրատաքացուցիչներով էր զինվել Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը։
2022 թ․սեպտեմբերից նախագծին միացան նաև սփյուռքահայ բարերարներ, որոնց նվիրատվությունների շնորհիվ արցախյան ևս 30 տուն մշտապես տաք ջուր կունենա։
Հայ օգնության միության հետ համագործակցության արդյունքում Արցախում ևս 100 տուն անցում կատարեց արևային էներգետիկայի․ տեղադրվեցին արևային ջրատաքացուցիչներ։ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ներկայացուցիչները վերջերս այցելեցին Արցախ և իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի արդյունքներից` միաժամանակ տեղեկացնելով այն ընդլայնելու ցանկության մասին:
Արցախին արևածագ պարգևելու գործին միացավ նաև Telcell ընկերությունը՝ համագործակցության հուշագիր կնքելով Shtigen Group-ի հետ։ Shtigen Group — Telcell համագործակցությամբ հնարավորություն է ստեղծվում «Արևածագ Արցախում» նախագծի իրականացման համար նվիրատվություններ կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։ TelCell-ը 7,4 մլն դրամ հատկացրել է Մարտունու արհեստագործական ուսումնարանի լիակատար արևայնացման համար։
«Արևածագ Արցախում» նախագծի գործընկերներից է նաև «Սահման» ՀԿ-ն:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, կարող են նվիրատվություն կատարել «Սահման» ՀԿ-ի հանգանակությունների հարթակի միջոցով՝ «Նվիրատվության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն» դաշտում նշելով «Արևածագ Արցախում»։
«Արևածագ Արցախում» նախագծի պատասխանատուների հետ կարող եք կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարելով (011) 230023 հեռախոսահամարին։
«Արևածագ Արցախում» նախագծի մասին հոլովակը՝ այստեղ։