Հուշագիր Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի և Shtigen Group-ի միջև
Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջն այսուհետև արևային ոլորտի մասնագետներ կպատրաստի․ Shtigen-ի և կրթական այս հաստատության միջև հուշագիր է կնքվել։
Քոլեջում 2022թ․ բացված «Վերականգնվող էներգիայի կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» բաժնում, որտեղ այժմ սովորում է մոտ 30 ուսանող, կդասավանդեն նաև Shtigen-ի մասնագետները, «Shtigen կորպորատիվ ակադեմիան» էլ կրթարանին կտրամադրի համապատասխան կրթական նյութեր, կապահովի գործնական հնարավոր պարապմունքներով, լավագույն շրջանավարտներն էլ աշխատանքի կանցնեն ընկերությունում։
1957թ․ հիմնադրված քոլեջի «Արևային» բաժնում սովորել ցանկացողները բավականին շատ են․ այս տարի անգամ մրցակցություն է առաջացել, և դիմորդների թիվը գերազանել է սահմանված տեղերի քանակը։

Քոլեջի տնօրեն Տաթևիկ Փնջոյանի խոսքով՝ բաժինն արդիականացնելու, նյութատեխնիկական բազան համալրելու և սաների պրակտիկան հավուր պատշաճի կազմակերպելու համար են դիմել Shtigen-ին՝ համատեղ ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ․ «Բարձր գնահատելով Shtigen-ի՝ ՀՀ-ում ու հատկապես Լոռու մարզում արևային էներգետիկայի բնագավառում ունեցած տարիների փորձը, մասնագիտական ներուժը՝ որոշեցինք համագործակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ փորձնական բացված այս բաժնի դիմորդները գիտակցում են մասնագիտության կարևորությունն ու հեռանկարային լինելը։ Ի դեպ, պետության համար կարևոր և առաջնային համարվող այս ոլորտում մասնագիտացող սովորողներին, որոնք լավ կամ գերազանց առաջադիմություն կցուցաբերեն, կտրվի 50.000 դրամ պետական կրթաթոշակ»։
Քոլեջի 7 բաժիններից մեկն է արևայինը, ուսուցումը՝ երեք տարի։ Ի դեպ, այնտեղ դասավանդողներից մեկը՝ Վահան Թադևոսյանը, Shtigen-ի մարզային աշխատակիցն է։

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ ուսանողները պետք է գիտակցեն, որ այս բաժինն ընտրելով՝ դառնալու են ռազմավարական ոլորտի մասնագետ, և նրանց գիտելիքից, պատասխանատվությունից և հանձնառությունից է կախված նաև, թե հետագայում ինչպիսի էներգետիկ ոլորտ կունենա մեր երկիրը. «Shtigen Group-ի համար կրթական ծրագրեր նախաձեռնելն ու արդեն իսկ գործող նախագծերին ընդառաջ գնալը սկզբունքային հարցեր են։ Այսօր առավել, քան երբևէ մեր պետությանն էներգետիկ անկախություն է անհրաժեշտ, որին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը վերականգնվող էներգետիկան է, հետևաբար մասնագիտական կողմնորոշման հարցում ևս կրթարանները պետք է հաշվի առնեն այս գործոնները։ Մեզ համար կարևոր է նաև, որ ծրագրերը լինեն խորապես մտածված ու հաշվարկված, ունենան զարգացման հեռանկար և համապատասխանեն Կորպորատիվ ազգային պատասխանատվության մեր սկզբունքներին։ Այս համագործակցությունը, նախևառաջ, հենց այդ սկզբունքներին հավատարիմ լինելու մասին է»։