Էլեկտրական մեքենաները Հայաստանում 2018 թվականի համեմատ առնվազն եռապատկվել են. եթե երեք տարի առաջ ներմուծվել է մոտ 180 էլեկտրամոբիլ, ապա 2020-ի 9 ամիսներին ներկրվել է ավելի քան 600 էլեկտրամեքենա: «Շտիգեն» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանը, որը մոտ մեկ տարի չինական Hozon կոնցեռնի էլեկտրական ժամանակակից մեքենաներ է ներկրում, համոզված է՝ ապագան էլեկտրամոբիլներինն է, այլընտրանք չկա:

Էլեկտրամոբիլներն ակնհայտ և անվիճելի առավելություններ ունեն ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների նկատմամբ. միայն այն, որ դրանք աշխատում են էլեկտրականությամբ՝ բենզինի համեմատ առնվազն 10 անգամ կրճատելով ծախսը, արդեն իսկ գերադասելի են: Դրան գումարվում է նաև առավել անվտանգ և էկոլոգիապես մաքուր լինելը:

«Էլեկտրական մեքենաներն այսօր կարելի է անվանել յուրահատուկ գաջեթ, որոնք մատչելի են, ապահով, հեշտ կառավարելի: Նոր մեքենաներն ավելի լավ են հարմարեցվում վարորդին, վարելիս ավելի ճկուն են և հարմար: Ծրագրային պարբերական թարմացումներն ապահովում են դյուրին ընթացք: Եթե թեկուզ գերհզոր սովորական մեքենային գոնե մի քանի վայրկյան անհրաժեշտ է արագություն հավաքելու համար, ապա էլեկտրամոբիլների դեպքում ակնթարթային է դա տեղի ունենում» — բացատրեց Հայկ Շեկյանը:

Մեքենան կարող է հայտնել, որ, օրինակ, գիշերային ժամերին, երբ չեն վարելու, ինքը թարմացնելու է ծրագրերը:

Մեքենաները միացված են համացանցին, ձեռք բերելիս ակտիվացնում են գործառույթները: Առանց ակտիվացնելու էլ հնարավոր է վարել, ուղղակի այդ դեպքում պերսոնալիզացիա՝ անհատականացում տեղի չի ունենա: Մեքենան կցված է նաև հեռախոսին, որի միջոցով համացանցով կապ ունի արտադրողի սերվերների հետ, որտեղից էլ իրականացվում է սպասարկումը՝ առանց որևէ անհանգստություն պատճառելու վարորդին: