Հունիսի 23-ից 24-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Քաղաքապետերի դաշնագրի անդամների համար նախատեսված թվով ութերորդ կրթական սեմինարը։ Սեմինարի 35 մասնակիցները՝ ներառյալ համայքնապետների ներկայացուցիչները, Քաղաքապետերի դաշնագրի ազգային համակարգող Արտեմ Խարազյանը, համախոհները, գործընկերներն ու փորձագետները, հյուրընկալվեցին «Շտիգեն» ընկերության կողմից նախագծված, մատակարարված, կառուցված ու սպասարկվող արևային կայաններում։

«Շտիգեն»-ի հետ համագործակցության արդյունքում առաջինը ուր այցելեցին սեմինարի մասնակիցները, «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրն էր։ Այս համալիրի երկու լողավազանների ջրի տաքացման, ինչպես նաև օրական մինչև 1․000 այցելուների ցնցուղի ջրի ապահովման համար դեռևս 2017 թվականին «Շտիգեն»-ի կողմից տեղադրվել է արևային ջրատաքացման համակարգ (արևային ջերմային համակարգ)։ Համակարգի մեջ մտնող 14․520 վակուումային խողովակները այն դարձնում են տարածաշրջանում ամենամեծը․ համեմատության համար հարկավոր է նշել, որ 4-6 հոգանոց ընտանիքների ողջ կենցաղային տաք ջրի կարիքները բավարարվում են ընդամենը 20-30 վակուումային խողովակներով։ Այս կայանի շնորհիվ ընկերության գազի ծախսի տարեկան խնայողությունը կազմում է մոտ 30մլն դրամ։ Կայանը կարող եք տեսնել սույն հղումով։