Այս արևային կայանը զերծ կպահի շրջակա միջավայրը մոտ 14,2-15,1 տոննա ածխաթթու գազից յուրաքանչյուր տարի։
«Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ-ի տանիքին «Կովկասի բնության» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Բնապահպանության նախարարության հետ համագործակցությամբ «Շտիգեն» ՍՊԸ-ի կողմից տեղադրվել է արևային էներգիայի ստացման համակարգեր։ Տեղադրվել է ինչպես էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան, այնպես էլ տաք ջրի ստացման արևային ջերմային կայան։ 20 կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային կայանը տարեկան կարտադրի 32000-34000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով տարեկան մոտ 1 միլիոն 4 հարյուր հազար դրամի խնայողություն։ Էլեկտրակայանը կծառայի ավելի քան 25 տարի։
‟
Ֆոտովոլտային վահանակները, որոնք կիրառվել են այս համակարգում, ունեն 25 տարվա արտադրողականության երաշխիք․ 25 տարվա կիրառումից հետո դրանք կշարունակեն աշխատել ոչ պակաս, քան նախնական հզորության 80%-ը։
Որպես տաք ջրի ստացման աղբյուր՝ տեղադրվել է 300 լ տարողությամբ արևային թերմոսիֆոն տիպի ոչ ճնշումային ջրատաքացուցիչ համակարգ, որը կարող է ապահովել 360․000-430․000 դրամի խնայողություն տարեկան։
Մինչ արևային ջրատաքացուցիչի տեղադրումը տաք ջրի ստացումը կատարվել է էլեկտրաէներգիայի կիրառմամբ, քանի որ տվյալ տարածքը գազաֆիկացված չէ: Զուգահեռաբար ջրատաքացուցիչը զերծ կպահի շրջակա միջավայրը մոտ 1,5 տոննա աշխաթթու գազի արտազատումից։ Հարկ է նշել նաև, որ նման առաջադիմական մոտեցմամբ «Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ-ը օրինակ է ծառայում տարածաշրջանի բնակչության համար՝ գործնականում ցույց տալով խնայողությունների իրականացնելու և կյանքի որակի բարձրացման կարճ և հասանելի ճանապարհը։ Այս տեղադրման մասին կարդացեք նաև «Կովկասի բնության հիմնադրամ»-ի պաշտոնական կայքում։
Օգտվելով Հայաստանում գործող Net Metering ռեժիմից՝ կայանը միացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, ինչը հնարավորություն կտա «Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ-ին ֆոտովոլտային կայանի կողմից արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան կուտակել ցանցերում, իսկ վատ եղանակային պայմաններում անխափան էլեկտրաէներգիա ունենալ՝ հետ ստանալով արդեն իսկ կուտակված էներգիան։