Ինչպես էներգետիկ, այնպես էլ այլ ոլորտների շատ ընկերություններ հաճախ շրջանցում են «արդար խաղի» կանոնները՝ հաճախորդներ գրավելու համար օգտագործելով մոլորեցնող խայծեր։ Դրանք երբեմն անբարեխիղճ մրցակության տիպիկ օրինակ են։
Եկե՛ք միասին բացահայտենք արևային ոլորտի ամենատարածված խայծերը։

Կեղծ խոստումներ

Կան ընկերություններ, որոնք ուռճացված խոստումներ են տալիս՝ չափազանցված պնդումներ անելով անհավանական արդյունքների մասին։ Հետևաբար ճշտե՛ք մի քանի աղբյուրից, թե որքանով հավանական արդյունք են խոստանում։

Գնային ծուղակ. խաբուսիկ զեղչ

Հաճախորդներին գայթակղելու անբարեխիղճ մեթոդներից մեկն էլ «չափազանց շահավետ» առաջարկներով հանդես գալն է։ Թաքցնելով որոշակի ծախսեր կամ քողարկելով ապրանքի կամ ծառայության իրական որակը՝ գովազդային այս մեթոդները մեծ տարածում ունեն:
«Գնե՛ք արևային կայան, ստացե՛ք «տիեզերանավ»՝ անվճար», «Ձեռք բերե՛ք ջրատաքացուցիչ ինքնարժեքից ցածր»․ նմանատիպ գովազդային գործիքները ոչ այլ ինչ են, քան գնային ծուղակ, որովհետև արևային կայան ձեռք բերելիս «տիեզերանավ» նվեր ստանալով՝ դու ի սկզբանե վճարում ես նաև դրա գումարը՝ պարզապես նվերի անվան տակ։ Կամ ջրատաքացուցիչը չի կարող ինքնարժեքով վաճառվել, որովհետև ջրատաքացուցիչը, մինչև մեր երկիր հասնելը, մի շարք ֆինանսական ծախսերի խողովակներով է անցնում, այնպես որ այն ինքնարժեքով չի կարող վաճառվել։
Ընկերությունները, որոնք կենտրոնանում են բացառապես ցածր գների վրա, կարող են դրա դիմաց զոհաբերել արժեքն ու որակը՝ երկարաժամկետ հեռանկարում թողնելով դժգոհ սպառողների։

Երաշխիքի մասին խեղաթյուրված ինֆորմացիա

Շատ ընկերություններ հայտարարում են, թե արևային վահանակների համար տալիս են 30 տարվա երաշխիք։ Սա արդեն խեղաթյուրված ինֆորմացիա է, էժանագին հնարք, որի նպատակը հաճախորդին մոլորեցնելն է։ 30 տարվա արտադրողականության երաշխիք աշխարհում դեռ որևէ ընկերություն չի տվել (այլ բան է, որ 30 տարի հետո դրանք շարունակելու են աշխատել՝ որոշակի տոկոսով)։
Նախնական պատկերացում կազմելու համար կարելի է որոնողական համակարգի օգնությամբ ճշտել, թե իրականում քանի տարվա երաշխիք է տալիս արտադրող ընկերությունը։

Ինքնության պատրանք

Անբարեխիղճ մրցակցությունը հաճախ ներառում է կայացած, հեղինակություն ունեցող ապրանքանիշերի նմանակում՝ մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար: Նույնը նաև հեղինակավոր ընկերությունների ղեկավարներին կրկնօրինակելն է։
Մեր իրականության մեջ էլ կան մրցակից ընկերությունների արժեքները, գաղափարախոսությունը կրկնօրինակողներ։ Արդյունքում՝ տուժում է անհատականությունը, յուրօրինակությունն ու մյուսներից տարբերվելը։

Անթերի ցուցանիշներ

Պետք է զգուշանալ նաև այն ընկերություններից, որոնք, այսպես կոչված, անթերի ցուցանիշներ են ներկայացնում։ Որոշ ընկերություններ հաճախ «կեղծ» հետադարձ կապ են բեմադրում՝ դյուրահավատ հաճախորդներին իրենց ցանցը գցելու համար։ Օրինակ՝ «գոհ հաճախորդի» շնորհակալական նամակն է հրապարակվում, որտեղ վերջինս ներկայացնում է, թե ինչպես է կայանը նախատեսվածից շատ արտադրել, անխափան աշխատել՝ կից ներկայացված սարքավորման ցուցանիշների իդելական պարամետրերը։ Մինչդեռ այդ ցուցանիշները որոշակի լաբորատոր պայմաններում է ստացվում՝ առավելագույն սանդղակները նկատի ունենալով։

Բա՛րձր պահենք հայկական բիզնեսի արժանապատվությունը բարեխիղճ մրցակցությամբ։