Հունիսի 15-ին «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա Հայաստանում արևային էներգետիկայի առաջատար ընկերություններից մեկի՝ «Շտիգեն»-ի նախաձեռնած գործարար համաժողովը։ Ստորև ներկայացնում ենք «Արևային Արցախ» համաժողովի և Արցախում արևային էներգիայի ոլորտի զարգացման վերաբերյալ ՇՏԻԳԵՆ ընկերության ղեկավար Հայկ Շեկյանի հարցազրույցը՝ «Արցախպրես»-ին․
-Պարո՛ն Շեկյան, կխնդրեի ներկայացնել համաժողովի նպատակը, ո՞վ և ինչու՞ պետք է մասնակցի միջոցառմանը։
-Նպատակն է նպաստել արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացմանը Արցախում՝ մեկ տանիքի տակ հավաքելով բոլոր շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին, մասնավորապես՝ պետական գործիչներին, ձեռնարկատերերին, էլ. ցանցերի ներկայացուցիչներին, բանկային համակարգի ներկայացուցիչներին: Արևային էներգետիկայի զարգացման օրենսդրական փաթեթը բոլորովին վերջերս է ընդունվել Արցախում, և մարդիկ տեղեկացվածության պակաս ունեն, կան թե՛ գերագնահատված սպասումներ և թե՛ անհիմն սկեպսիս։ Անհրաժեշտ է այդ բացը լրացնել և ձևավորել ադեկվատ ընկալում։ Շատ կարևոր է մարդկանց իրական օրինակներով ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից։ Մենք ներկայացնելու ենք տարիների ընթացքում մեր կուտակած փորձը իրական օրինակներով՝ հյուրանոցների, ռեստորանների, գործարանների, ձկնաբուծարանների, թռչնաֆաբրիկաների, գազալցակայանների, առևտրի կենտրոնների և այլ ոլորտի բիզնեսմեններին։
-Պարո՛ն Շեկյան, Ձեր հիմնադրած «Շտիգեն» ընկերությունը արդեն 8 տարի է, ինչ ներգրավված է արևային էներգետիկայի ոլորտում։ Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք գալ Արցախ։
-Մենք նոր չենք գալիս Արցախ։ Վաղուց ենք այստեղ գործունեություն ծավալել, շփվել ենք երկրի ղեկավարության հետ՝ հորդորելով օր առաջ ընդունել վերոնշյալ օրենսդրական փաթեթը, ունենք կատարված աշխատանքներ։ Սակայն մի կողմից օրենսդրական կարգավորման, մյուս կողմից մեր առաջարկներից օգտվելու համար Արցախի ֆինանսական շուկայում շահեկան առաջարկների բացակայության պատճառով սահմանափակվում էինք բարեգործական ծրագրերով և մասնավոր հատվածում հատվածային քայլերով։ Արևային էներգետիկայի մասին օրենսդրական փաթեթի ընդունումն ու մեր ֆինանսական գործընկերոջ հետ համատեղ ներկայացվող վարկավորման առաջարկն այսօր որակապես այլ իրավիճակ է ստեղծում Արցախում արևային էներգետիկ ոլորտի զարգացման համար, որը և մտադիր ենք իրացնել։
-Հայտնի է, որ Արցախում էլեկտրաէներգիան ավելի մատչելի է, քան Հայաստանում։ Այս հանգամանքը չի՞ սահմանափակի Ձեր ընկերության նախագծերին Արցախում։
-Ընդհանրապես լավ կլիներ եթե էլեկտրաէներգիայի սակագները լինեին միասնական։ Իրականում էլեկտրաէներգիան Արցախում է ավելի թանկ։ 220Վոլտ լարման ցանցում 1 կՎտժ էլեկտրաէներգիան Արցախում արժի 49 դրամ ցերեկային և 44 դրամ գիշերային ժամերին, իսկ Հայաստանում՝ համապատասխանաբար 45/35 դրամ/կվտժ։ Պարզապես այստեղ բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը սուբսիդավորովում է, և մարդիկ վճարում են 25 դրամ/կվտժ։ Բնականաբար, էժան սուբսիդավորված սակագինը դժվարացնում է բնակչության հատվածում աևային էլեկտրակայանների արագ տարածումը, սակայն արևային ջրատաքացուցիչները մնում են առավել քան պահանջված, դրանց հետգնման ժամկետը կկազմի 3-4 տարի և կծառայեն ավելի քան 20 տարի։ Հավելեմ, որ սուբսիդավորված 24 դրամ/կվտժ ծախսը վճարում է երկրի բյուջեն, այսինքն՝ հարկատուն։ Մեր տեղադրած յուրաքանչյուր արևային էլեկտրակայան կրճատում է այդ ընդհանուր ծախսը։ Իմ կարծիքով՝ սուբսիդավորման այս մոտեցումը պետք է տնտեսական և սոցիալական քաղաքականության արդյունավետության տեսանկյունից վերանայել, եթե մենք մարդկանց հնարավորություն տանք մատչելի վարկերով արևային կայաններ տեղադրել (այսօրվա էլ. էներգիայի ծախսի սուբսիդավորման 1-2 տարվա ֆոնդն ուղղելով արևային կայանների վարկային տոկոսների սուբսիդավորմանը կամ ձևավորեինք ռազմավարական ծրագրերի վարկավորման շրջանառու ֆոնդ) իրենց տանիքներին և օգտագործել իրենց անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակն արդեն առանց սուբսիդիաների։ Արդյունքում հարկատուների հետագա վճարումները կազատվեն պաշտպանական, տնտեսական և այլ կարևոր նպատակների համար։ Ինչ վերաբերվում է բիզնեսներին, ապա, ինչպես նշեցի, այստեղ էլենտրաէներգիան ավելի թանկ է և արևային կայանների տեղադրումը նույնիսկ ավելի շահեկան է։
-Ստեփանակերտից Երևան երթևեկելիս ճանապարհամերձ գյուղերի կտուրներին կարելի է տեսնել մեծ թվով արևային սարքեր՝ Ձեր ընկերության ապրանքանշանով։ Քանակից կարելի է եզրակացնել, որ դրանք մատչելի են։ Արդյո՞ք այդ սարքերը կարող է իրեն թույլ տալ Արցախի միջին բնակիչը։
-Այդ գյուղերը մենք անվանում ենք Արևային համայնքներ։ Այնտեղ բնակչության կեսից ավելին անցել է արևային էներգետիկայի։ Շտիգեն արևային ջրատաքացուցիչները, որ տեսել եք մեր Արևային համայնքներում, կամ գյուղացիների ասած Շտիգենները, շատ մատչելի են, մի լավ բջջային հեռախոսից ավելի էժան։ Ի տարբերություն հեռախոսի, այդ սարքերը տարեկան խնայում են միջինում 100000 դրամ և բարձրացնում ընտանիքի կյանքի որակը՝ տան կինն ունի անընդհատ տաք ջուր բոլոր կենցաղային կարիքները հոգալու համար, իսկ գյուղերում այս բարիքը միշտ չէ հասանելի։ Դրանք կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այպես էլ ապառիկ վարկով՝ ընդ որում վարկի ամսական մարման չափն ավելի փոքր է լինելու սարքի ապահոված խնայողությունից։ Ապառիկը մարելուց հետո ընտանքիը տաք ջուր կստանա լիովին անվճար, դեռ 10-15 տարի։ Ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում նույն պատկերը տեսնելու եք նաև Արցախում՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Հադրութ և այլ ուղղությունների վրա։ Հիշեցնենք, որ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնած «Արևային Արցախ» խորագրով համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ զանագահարելով 041 19 28 18 հեռախոսահամարին: Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի