Արևային կայանները հիմնականում լինում են 3 տեսակի՝ ցանցին միացած (on-grid), ցանցից անջատ(off-grid) և հիբրիդ։

Ցանցին միացած (on-grid) արևային կայաններ

Այս կայաններն աշխատում են բաշխիչ ցանցին զուգահեռ։ Այսինքն՝ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան, նախ, ուղղվում է սեփական կարիքների սպառմանը, իսկ ավելցուկային մասը կուտակվում է բաշխիչ ցանցում։
Կայանի առավելությունը․ երբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան այդ պահին չի բավարարում սպառողի պահանջները, հնարավոր է էլ․ էներգիա ստանալ բաշխիչ ցանցից։
Այս կայանների դեպքում լրացուցիչ մարտկոց չկա․ մարտկոցի դեր, այսպես ասած, կատարում է բաշխիչ ցանցը։

Ցանցից անջատ արևային կայաններ (off-grid)

Այս ֆոտովոլտային կայանները, նախևառաջ, լուծում են էլեկտրաէներգիայի խնդիրը այն վայրերում, որտեղ էլեկտրամատակարարում չկա։ Կայանները համալրված են կուտակիչ մարտկոցներով՝ ավելցուկային էլեկտրաէներգիան կուտակելու և հարկ եղած դեպքում էլեկտրական սարքերը շահագործելու համար։
Նման կայանները լավագույն լուծում են նաև սեզոնային, հեռավոր վայրերում բնակվողների կամ աշխատողների համար, օրինակ՝ մեղվապահների, անասնապահների, անտառապահների, որսորդների ու զինծառայողների համար։ Այս կայանները տեղադրվում են նաև հուշակոթողները լուսավորման համար։
Off-grid, այսինքն՝ ցանցից անջատ կայանները հիանալի տարբերակ են նաև այն կառույցների ու տնային տնտեսությունների համար, որոնք ցանկանում են լիարժեք էներգետիկ անկախություն ձեռք բերել։

Ցանցից անջատ ֆոտովոլտային կայանի պահանջվող հզորությունը հաշվարկելու համար հարկավոր է իմանալ, թե ինչ սարքեր և քանի ժամ են միացվելու մեկ օրվա ընթացքում, ինչպես նաև որքան է կազմում միաժամանակ օգտագործվող սարքերի առավելագույն հզորությունը:

Հիբրիդային կայաններ

Հիբրիդային արևային կայաններն աշխատում են ինչպես ցանցին միացած, այնպես էլ առանց դրա։ Այլ կերպ ասած՝ սրանք ցանցին միացած և ցանցից անջատ արևային կայանների համադրություն են։

Այս կայանները հիմնականում նախատեսված են նրանց համար, ովքեր ուզում են հոսանքի հաճախակի տատանումներից, հոսանքազրկումներից ապահովագրված լինել։

Այս կայաններն աշխատում են հետևյալ կերպ՝ օրվա արևոտ ժամերին արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը փոխանցվում է բաշխիչ ցանցին, մյուս մասը կուտակվում է մարտկոցներում։ Իսկ գիշերվա ժամերին սպառողը ստանում է էներգիան բաշխիչ ցանցից կամ մարտկոցներից՝ կախված կարգավորումներից։

Արևային էլեկտրակայանի տեսակի ընտրությունը կախված է հատուկ կարիքներից և շահագործման պայմաններից: Ցանցին միացած կայանները հարմար են անխափան էլեկրաէներգիա ունեցողների համար, ավելի մատչելի են և ունեն կարճ հետգնման ժամանակահատված։ Ցանցից անջատ արևային կայաններն էներգետիկ անկախություն են ապահովում հեռավոր վայրերում, իսկ հիբրիդային կայաններն առաջարկում են առավելագույն ճկունություն և հուսալիություն:

11:43