Այսօր՝ 2020 թ. Սեպտեմբերի 7-ին, ամբողջ աշխարհն առաջին անգամ նշում է «Մաքուր օդ կապույտ երկնքի համար» միջազգային օրը։
Մոլորակի բնակչության 92%-ը ենթարկվում է աղտոտված օդի ազդեցությանը, ինչը հանգեցնում է տարեկան մոտավորապես 7 միլիոն մարդու վաղաժամ մահվան: Այն վնասակար ազդեցություն ունի կլիմայի, կենսաբազմազանության, էկոհամակարգերի և, ընդհանուր առմամբ, կյանքի որակի ու մարդու առողջության վրա:
Վերջին մեկ տարվա համաշխարհային իրադրությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է մաքուր օդը առողջության, արտադրողականության, տնտեսության և շրջակա միջավայրի համար: Կլիմայական փոփոխությունները և դրա արդյունք հանդիսացող արհավիրքները ստիպեցին բոլորին նորովի արժևորել մեր մոլորակը և նրա «առողջությունը»։
Իմիջիայլոց, մթնոլորտն աղտոտվում է ոչ միայն ածխաթթու գազի ավելցուկի, այլև այլ գազերի արտազատման արդյունքում։ Օրինակ, մեթանը լուրջ կլիմայական աղտոտիչ է, որն արտանետվում է նավթի և գազի արդյունահանման, խոնավ ճահճային տարածքների և աղբավայրերի կողմից:
Կանխատեսվում է, որ 20 տարվա ժամկետում մեթանի գլոբալ տաքացման ներուժը կլինի 84 անգամ ավել, քան ածխաթթու գազինը (CO2): Մեթանը ածխաթթու գազի հետ միասին հեռանկարում մեծ ազդեցություն ունի կլիմայի փոփոխության վրա, ինչը նշանակում է, որ դրա թիրախավորումը կարևոր գործիք է տաքացող մոլորակի դեմ պայքարում: