Ղազախստանի մայրաքաղաքում կայացած «Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի էներգետիկ շաբաթ-𝟐𝟎𝟐𝟑» համաժողովի ՈՍԿԵ հովանավորը Shtigen Group-ն էր։ Ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը ներկայացրել է համաժողովից ակնկալիքները, Էներգետիկ ոլորտը զարգացնելու հեռանկարն ու սպասվող արդյունքը։
— Ո՞րն էր գլխավոր դրդապատճառը` դառնալու միջինասիական այս միջոցառման «Ոսկե հովանավորը»:
— Իրականում Energy week-ի փորձ մենք ունեցել ենք դեռ 2011թ. Երևանում։ Այդ միջոցառման շնորհիվ մեր ընկերությունը աշխատանքային կապեր հաստատելու հնարավորություն ունեցավ, որի արդյունքները սկսեցինք քաղել համաժողովին հաջորդող տարիներին: Այս համաժողովը ճիշտ ժամանակին ու մասնակցության համար ճիշտ վայրում էր։ Բացի այդ, մեզ համար տարածաշրջանը և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաները գրավիչ ու հետաքրքիր են: Այն զարգանալու ևս մեկ էջ է բացում մեր ընկերության ապագայի համար։
-Ինչպե՞ս են հատվում Shtigen Group-ի և նմանօրինակ միջոցառումների ճանապարհները։
— Միջոցառման կազմակերպիչների հետ մենք նույն ուղղությամբ ենք նայում․ նրանք ակտիվ քարոզում են այն ամենը, ինչ առնչվում է վերականգնվող էներգետիկային։ Նրանք դա անում են կոնֆերանսների դահլիճում, իսկ մենք գործնական տիրույթում։ Այնպես որ, իսկապես, շատ են մեր հատման կետերը։
— Ի՞նչ արժեք կարող է Shtigen Group-ը փոխանցել այս միջոցառմանը, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր մասնակցությունից:
— Մեր ընկերությունն այսօր արդեն 12 տարեկան է։ Իսկ ժամանակին, երբ սկսում էինք մեր աշխատանքները, փոքր ստատափ էինք՝ արդյունաբերության այս ճյուղի վերաբերյալ սահմանափակ գիտելիքով, և չէինք էլ պատկերացնում, թե որքան մեծ կարող է լինել այս ճյուղն ու դրա տեխնոլոգիական զարգացումը։ Իսկ այժմ մենք թե՛ շուկայի ու կարգավորումների, թե՛ տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների կառավարման և թե՛ նախագծերի իրականացման հարուստ փորձ ունենք։ Այնպես որ, մենք այստեղ ենք՝ մեզ հետ որոշակի գիտելիքներ ու արժեք բերելով այս շուկա՝ բոլոր առումներով։
— Կարո՞ղ եք կիսվել էներգետիկ ոլորտի զարգացման Ձեր տեսլականով և այդ համատեքստում Shtigen Group-ի դերակատարումն ինչպե՞ս եք պատկերացնում։
— Էներգետիկ ոլորտն այս պահին ավելի ու ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում տարբեր առումներով՝ ինչպես մարդկանց կենցաղի, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, այնպես էլ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։ Մի խոսքով՝ այն չափազանց կարևոր և առանցքային հարց է գլոբալ առումով։ Հետևաբար այս ոլորտում ակտիվությունը, որևէ նոր բան առաջարկելը կամ զարգացնելը, մարդկանց համար կյանքի նոր որակ ապահովելը մեր առաքելությունն է, որը համահունչ է ոլորտի զարգացման հայեցակարգին։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մեզ համար կարևոր է տեսնել ոլորտում տեղի ունեցող զարգացումները և դրանք հիմք ընդունելով՝ ապահովել նաև մեր բիզնեսի առաջընթացը։