Ահա և ավարտվեց Շտիգեն Քիդս ծրագրի 20-օրյա մարաթոնը, որը նախատեսված էր ՄԱԿ-ի Պարենային ծրագրի շրջանակներում արևայնացված 21 դպրոցների տասը տարեկանից մեծ աշակերտների համար: Ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներ անցկացվեցին Հայաստանի 7 մարզերի թվով 310 դպրոցականների հետ, որից հետո երեխաները լրացրին ստուգողական թեստ, իսկ անցողիկ բալեր հավաքածները ստացան Շտիգեն Քիդս դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստող վկայագրեր: 

 

«Էներգիայի նոր աղբյուրներ. էներգետիկ գրագիտության հիմունքները ապագայի աշխարհում» խորագրով այս երկժամանոց դասընթաց-սեմինարը հակիրճ մասն է Շտիգեն Քիդս ծրագրի հիմնական՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքները» խորագրով դասընթացի: Այս դասընթացի շրջանակներում երեխաները ստացան գործնական այնպիսի գիտելիքներ, ինչպիսին են՝ ինչո՞ւ է արևային էներգետիկան վերականգնվող էներգիայի աղբյուրներից ամենաարդյունավետներից մեկը Հայաստանի համար, ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել էներգաարդյունավետ տնտեսություն դառնալու համար, ինչո՞վ են տարբերվում արևից տաք ջուր և էլեկտրաէներգիա ստանալու տեխնոլոգիաները, ի՞նչ առավելություններ ու թերություններ ունեն դրանցից յուրաքանչյուրը, ի՞նչ յուրահատկություններ ունեն էլեկտրական մեքենաները ավանդական` ներքին այրման շարժիչով մեքենաներից, ի՞նչ կտա այս մեքենաների տարածումը հայաստանյան հասարակությանը: