VIVA բարեգործական հիմնադրամը և արևային էներգետիկիայի ոլորտում Հայաստանի առաջատար Shtigen ընկերությունը հայտարարում են Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց կենսապայմանների բարելավմանն ուղղված աջակցության ծրագրի մեկնարկի մասին։ Համատեղ նախագիծը կոչվում է «VIVA Sunrise»:
Ըստ 2023 թ․ սկզբին ստորագրված հուշագրի՝ համագործակցությունն ուղղված է Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության առավել խոցելի խմբերին օգնություն ցուցաբերելուն։
Համատեղ նախագծի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղադրվել է առաջին ջրատաքացուցիչը Նոր Խարբեդ համայնքում հաստատված յոթ հոգանոց բազմազավակ ընտանիքի համար։ Ծրագրի նպատակը ոչ միայն կոմունալ ծախսերը նվազեցնելն է, այլև մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին ամբողջ տարին անվճար տաք ջրով ապահովելը։
Նոյեմբերի 1-ից VIVA հիմնադրամը Արցախից բռնի տեղահանված մարդկանց օգնելու նպատակով բժշկական և սոցիալական աջակցության 5 ծրագիր է սկսել իրականացնել։ Այս պահի դրությամբ բժշկական օգնություն ստանալու համար ստացվել է 9500 դիմում, և ծրագրում շահառուների ներգրավելու գործընթացը դեռ շարունակվում է։
«VIVA Sunrise» մեկամյա համատեղ ծրագրով առաջնահերթություն է տրվելու Հայաստանի մարզերում և հեռավոր բնակավայրերում հաստատված բազմազավակ ընտանիքներին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առանց կերակրող ձեռքի մնացած, արցախյան պատերազմների հերոսների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում նաև բռնի տեղահանված անձանց կենսապայմանների մոնիթորինգ է նախատեսվում։
Ծրագիրը հնարավորություն կտա մշտական անվճար տաք ջրով ապահովել առավելագույն թվով արցախցիների, որոնք 10 ամսից ավելի շրջափակման դժվարին պայմաններում են եղել՝ սննդի, բժշկական օգնության և կոմունիկացիոն սահմանափակ հնարավորություններով։
VIVA-ի համահիմնադիր և ղեկավար Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ հիմնադրամի համար մեծ պատիվ է համագործակցել մի ընկերության հետ, որն արդեն մի քանի տարի է՝ Արցախի և սահմանամերձ շրջանների աջակցության ծրագրեր է իրականացնում՝ ապահովելով տարածաշրջանի էներգետիկ անկախությունը․ «Կյանքի դժվարին պայմաններն ազդում են մեր շահառուների ֆիզիկական և մտավոր առողջութան վրա: Ցանկացած փոփոխություն թույլ է տալիս բարության օղակ կառուցել այն ընտանիքների շուրջ, որոնք զրկված են ոչ միայն տարրական կենցաղային պայմաններից, պատշաճ խնամքից, այլև իրենց վիճակը բարելավելու ընտրության հնարավորությունից։ Քայլ առ քայլ մենք փորձում ենք դրական տեղաշարժ ապահովել Արցախից բռնի տեղահանվածների ճակատագրերում»։
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն էլ կարծում է, որ Հայաստանում և Սփյուռքում ընկերությունները պետք է ձգտեն ընդլայնել կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակը՝ բծախնդրորեն ընտրելով թափանցիկ հեղինակություն ունեցող հիմնադրամներ, որոնք իրականացնում են լայնածավալ նախագծեր և էապես փոխում են իրականությունն իրենց հայրենակիցների համար։
«Արևածագ Արցախում նախագիծը, չնայած նոր իրավիճակին, շարունակելու է գործել՝ փորձելով թեթևացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենցաղային հոգսերը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի էներգետիկ անկախության շղթայի լիակատար ձևավորմանը։ Շնորհիվ VIVA հիմնադրամի և հոգատար անհատների՝ մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել թե՛ նախագծին, թե՛ կորպորատիվ ազգային պատասխանատվության մեր գաղափարին»,-ասում է Հայկ Շեկյանը։
«VIVA Sunrise» ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է տեղեկատվական և ֆինանսական աջակցություն։ Հանգանակությունը կատարվում է VIVA հիմնադրամի միջոցով։