Shtigen Group-ի «Արևածագ» նախագիծն ու Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնությունը սկսում են համատեղ ծրագիր՝ նպաստելու ՀՀ-ում այլընտրանքային էներգետիկ լուծումների ներդրմանը։

Մարզային բնակավայրերում էներգետիկ անկախության գաղափարը տարածելու և բնապահպանական խնդիրներն օրակարգում պահելու մտադրությամբ՝ Shtigen Group-ն ու Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնությունը նոր համագործակցություն են սկսում։ Awesome Sunrise անվանումն ստացած ծրագիրը կհամախմբի Հայաստանի մարզերի ստեղծարարներին (առանց տարիքային սահմանափակման)՝ ձեռքի տակ եղած միջոցներով նախագծելու, ստեղծելու կամ ներդնելու էներգիայի այլընտրանքային ինքնաշեն աղբյուրներ։

«Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են համախմբել ջանքերը, ուստի շատ մեծ ոգևորությամբ ենք սկսում այս համատեղ նախագիծը։ Դրանով մենք ցույց ենք տալու, որ ունենք ռեսուրս, և սա ևս մի քայլ է դեպի ստեղծարար մտածողություն, բնական ռեսուրսների խելացի օգտագործում, էներգետիկ ինքնաբավություն»,- ասում է Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հոգաբարձու-համակարգողներից Վահե Սալահյանը։

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ Awesome Sunrise նախագիծը պատասխանատվության նոր նշաձող է սահմանում, և այն ընկերութունների խմբի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում է կյանքի կոչվելու։

«Դեռ ամիսներ առաջ էինք որոշել Արցախում իրականացնել այս նախագիծը՝ նպատակ ունենալով էներգետիկ ճգնաժամը գոնե փոքր-ինչ տանելի դարձնել մեր հայրենակիցների համար։ Սեպտեմբերյան դեպքերը փոխեցին նաև մեր ծրագրի հունը։ Գաղափարից, սակայն, չհրաժարվեցինք,- նշում է Արփի Հարությունյանը:- Այս հարափոփոխ աշխարհում և հատկապես այս տարածաշրջանում մեր երկիրն ապահովագրված չէ նաև էներգետիկ ճգնաժամից, և որքան պատրաստված լինենք այդ թվում միկրո մակարդակում, այնքան անցնցում կլինի հաղթահարման ընթացքը։ Մեր ընկերության արժեքներից բխում է նաև նորարար գաղափարները խրախուսելը, հետևաբար այս համատեքստում նպատակները համընկնում են»,- նշում է Արփի Հարությունյանը։

Համատեղ ծրագրի շրջանակում նաև կրթական և ճանաչողական նյութեր կպատրաստվեն, որոնք թե՛ նախագծի ընթացքում, թե՛ դրանից հետո հրապարակվելու են սոցիալական հարթակներում։