2018 թվականի ամռանը մեկնարկած «Շտիգեն Քիդս» նախագիծն արդեն տվել է իր առաջին պտուղները։ Նախագծի մասը կազմող «Վերականգնվող էներգետիկայի հիմունքները» խորագրով դասընթացին մասնակցել է 5-ից 12-րդ դասարանի 770 աշակերտ, որից 650-ը՝ առցանց տարբերակով։ Մասնակիցել են Հայաստանի բոլոր մարզերի ու Արցախի աշակերտները։ Հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերել Լոռվա, Արմավիրի, Տավուշի և Արագածոտնի մարզերը։
Դասընթացի վերջում բոլոր աշակերտները լրացրել են ստացած գիտելիքները ամրապնդող և ստուգող առցանց թեստ։ Ամենաբարձր միջին գնահատականը ստացել են 9-րդ դասարանի աշակերտները, իսկ ամենամեծ մասնակցությունը ցուցաբերել են 7-րդ դասարանցիները։ Դասընթացը հետաքրքրություն է առաջացրել ինչպես 3-րդ դասարանցիների, այնպես էլ ուսանողների շրջանում։ Հատկանշական է նաև Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների հետաքրքրվածությունը դասընթացի նկատմամբ։