𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի հիմնադիր տնօրենը Վիլնյուսում մասնակցում էր հայ-լիտվական գործարար համաժողովին։ Հայկ Շեկյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության կազմում էր։

Համաժողովի ընթացքում, որի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, համագործակցության հուշագրեր են ստորագրվել երկու երկրների բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների և գործարարների միջև։

«Բիզնես ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ հավաքելը կարևոր քայլ է ոչ միայն գործարար կապերի զարգացման, այլև նոր ոլորտներ բացահայտելու և զարգացնելու առումով։ Մենք պետք է կարողանանք Հայաստանի համար բիզնեսի զարգացման բազմավեկտոր ուղղություն ապահովել, որը կձգվի արևելքից արևմուտք»,-ասում է Հայկ Շեկյանը։

Համաժողովին մասնակցող հայ և լիտվացի գործարարները ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ վերականգնվող էներգետիկայից մինչև դեղագործություն և հրատարակչություն։

Շեկյանի խոսքով՝ կանաչ բիզնեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է աշխարհի տարբեր երկրներում, և նման ֆորումները լավ առիթ են՝ ծանոթանալու ոլորտի նորարարություններին և լավագույն լուծումները դիտարկել նաև Հայաստանի էներգետիկական ոլորտը զարգացնելու նպատակով։

«Մենք պետք է գիտակցենք մեր երկրի՝ Եվրասիական մայրցամաքի կենտրոնում գտնվելու կարևորությունը և ըստ այդմ՝  նոր օրակարգ սահմանենք նաև բիզնես դաշտում։ Ստեղծելով նոր գործարար կապեր, ինչպես նաև ամրացնելով արդեն իսկ հաստատվածները՝ մենք կկարողանանք թռիչքային զարգացում ապահովել այդ թվում կանաչ էներգետիկայի ոլորտում, որն առանցքային է  ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,-ասում է Շեկյանը։