Էներգետիկ ոլորտի խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով Shtigen Group-ը, Startup Armenia Foundation-ի հետ համագործակցաբար, Sevan Startup Summit-ի շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովը» (ETES 25)։ 

Այս տարվա ծրագրում  ներառված էր հինգ թեմատիկ քննարկում՝ արևային ոլորտի մարտահրավերներից մինչև տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիա, կլիմայի ֆինանսավորումից մինչև կապիտալի շուկա և նորարար տեխնոլոգիաներ։

Համաժողովին մասնակցեցին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար փորձագետներ ոչ միայն Հայաստանից․ Գերմանիայի արևային ասոցիացիայի (GSA) միջազգային նախագծերի ղեկավար Ռոնալդ Ափմանը, NDC Partnership-ի՝ երկրների ներգրավման մասնագետ Անատոլի Տրիֆոնովը, Վրաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի (GREDA) գործադիր տնօրեն Մայա Մելիքիձեն բանախոսների շարքում էին։

Նախաձեռնելով այս միջոցառումը՝ Shtigen Group-ը նպատակ ունի ներդրում ունենալ Հայաստանի կանաչ էներգետիկ միջավայրի կայուն զարգացման գործում։ Ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը  ETES-ի  շարունակական ընդլայնումը դիտարկվում է Shtigen-ի երկարաժամկետ տեսլականի շրջանակում․ «Shtigen-ը ձգտելու է համաժողովի դերն ամրապնդել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում՝ այն դարձնելով արդյունավետ գործիք՝ երկխոսության, գիտելիքի փոխանակման և էներգետիկ անցման գործնական լուծումների մշակման համար»։

Համաժողովն ամեն տարի կենտրոնանալու է առավել հրատապ թեմաների վրա՝ խթանելով միջոլորտային կապերը և համագործակցությունը։ Այս տարվա գլխավոր թեման  արևային ոլորտի մարտահրավերներն ու անհրաժեշտ ներդրումներն էին։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի  և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) տնօրեն Կարեն Ասատրյանը, անդրադառնալով Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը, փաստեց, որ ռազմավարական նշանակություն  ունեցող ոլորտը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել և ունի զգալի ներուժ՝ ինչպես պետության ներսում սպառում ապահովելու, այնպես էլ արտահանման ուղղությամբ․ «Չնայած պետությունը խրախուսում է ոլորտի զարգացումը՝ դեռևս չկա հստակ և հետևողական աջակցության մեխանիզմ, որը կխթանի ներդրումների աճը և կայուն զարգացումը։ Վերջին տարիներին ոլորտում իրականացվել է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, և այս պահին արդեն կառուցված կամ նախատեսվող շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայանները կարող են նվազեցնել կախվածությունը ներմուծվող էներգակիրներից»։

ETES 2025-ի խոսնակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, անդրադառնալով համաժողովի կարևորությանը և արևային էներգետիկայի զարգացմանը Հայաստանում, նշեց, որ ոլորտը էական զարգացում է ունեցել ոչ միայն պետական աջակցության, այլև բիզնես սեկտորի ակտիվ ներգրավվածության և ներդրումների շնորհիվ․ «Արևային էներգիան վերջին տարիներին զգալիորեն արագ տեմպով է զարգացել՝ գերազանցելով նախապես կանխատեսված ցուցանիշները։ Հենց նման զարգացումն էլ առաջ է բերել որոշակի մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Նմանատիպ միջոցառումները կարևոր հարթակ են՝ ոլորտի առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները ներկայացնելու, փորձի փոխանակման և պետական-մասնավոր երկխոսության խթանման համար»։

Գերմանիայի արևային ասոցիացիայի (GSA) միջազգային նախագծերի ղեկավար Ռոնալդ Ափմանը, անդրադառնալով աշխարհում արևային ոլորտի մարտահրավերներին, նշեց, որ Հայաստանը միակը չէ, որ բախվում է ոլորտային խնդիրների․ «Էներգետիկայի համաշխարհային օրակարգում գերակա են համակարգի կայունության, պահեստավորման տեխնոլոգիաների և ներդրումների կառավարման մարտահրավերները։ Այս միտումները բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև եվրոպական շուկաներին։ Հետևաբար, ETES-ի նման հարթակները կարևոր նշանակություն ունեն միջազգային փորձի փոխանակման և համատեղ լուծումների ձևավորման առումով»։

Բացի հիմնական պանելային քննարկումներից, ETES 2025-ը հարթակ էր նաև ոչ պաշտոնական քննարկումների, հետագա համագործակցությունների համար հիմք ստեղծելու և փորձի փոխանակման համար։