Նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։
Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողությունները իրականացրեցին «ԱրՍան 1-2» կայանների երկու համասեփականատերերը՝ Հայկ Շեկյանն ու Կարեն Ղազարյանը։
Վերջինս իր խոսքում նշեց․ «Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Պլլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում՝ նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը»։
Կայանի համասեփականատեր, «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ասաց, որ սա ընկերության թվով 5-րդ արտադրական կայանն է․ «Բոլոր նրանք, ովքեր ունեն ազատ դրամական միջոցներ և ուզում են ապահով և եկամտաբեր ներդրում կատարել, կարող են վստահորեն դիմել մեզ։ Շնորհիվ կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ սկսած 470$ 1 կՎտ դրվածքային հզորության համար, առանց ԱԱՀ»։
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել արևային վահանակներ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից Phono Solar-ի (Ֆոնո Սոլար) փոխնախագահ Մայքլ Լին։ Նրա հավաստմամբ՝ անթերի աշխատանք է կատարվել․ «Հայաստանում շփվեցի տասից ավել գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար։ Հիանալի աշխատանք է կատարվել»։
Բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան շրջայց կատարելու «ԱրՍան 1-2»-ում՝ ծանոթանալով կայանի տեխնիկական առանձնահատկություններին, կիրառված նորագույն լուծումներին։