Shtigen ակադեմիան այսուհետև կգործի նաև Ագրարային համալսարանում
24 Հունիսի, 2022
Shtigen Group-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև հուշագրի կնքումից ընդամենը մեկ ամիս անց կողմերն արդեն ունեն համագործակցության առաջին արդյունքը։ Դեռևս 2018 թ․-ին ստեղծված Shtigen Academy կրթական նախագիծն այսուհետև գործելու է նաև Ագրարային համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար։
Նախագծի այս փուլում Shtigen Master Plus ծրագրի շրջանակում շուրջ 30 ուսանող կստանա ինչպես տեսական, այնպես էլ կիրառական գիտելիքներ ու հմտություններ։ Բացի լսարանային դասերից, կլինեն նաև այցեր արևային կայաններ ու գործնական պարապունքներ։ Ուսանողներին կընձեռվի հնարավորություն մասնագիտանալու մի քանի ուղղություններում՝ արևային սարքերի խորհրդատվություն-վաճառք, արևային համակարգերի տեղադրում և սպասարկում։ Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Shtigen Group-ից կստանան պրակտիկայի, այնուհետև աշխատանքի առաջարկ և կսկսեն իրենց կարիերան ոլորտի առաջատար ընկերություններից մեկում։
Դասընթացները վարելու են Shtigen Group-ի առաջատար մասնագետները, որոնք նվազագույնը 5 տարի արևային էներգետիկայի ոլորտում են գործունեություն ծավալում՝ դառնալով երկրում արևային ոլորտի կայացման անմիջական մասնակիցը։ «Երբ մենք էինք մտնում շուկա, ցավոք, կրթական համակարգված նյութեր չկային։ Տարիների ընթացքում մեզ հաջողվեց կուտակել համապատասխան գիտելիք ու փորձ և մշակել արևային էներգետիկային վերաբերող խորքային ուսումնական նյութեր։ Դրանք, կարելի է ասել, լիարժեք ակադեմիական դասընթացների բովանդակություն են ապահովում։ Shtigen Group-ը մեծ պատրաստակամությամբ իր գիտելիքները փոխանցում է երիտասարդներին՝ փորձելով նրանց համար ավելի սահուն մուտք ապահովել ոլորտ»,- ասում է Shtigen Group-ի կրթական ծրագրերի ղեկավար, Shtigen Academy նախագծի հիմնադիր Անի Աղաջանյանը՝ շեշտելով, որ կայուն և զարգացող են միայն տնտեսության այն ոլորտները, որտեղ սերունդների միջև կա գիտելիքի չընդհատվող հոսք։
Ծրագիրը լինելու է շարունակական և ընդգրկելու է Shtigen Group-ի գործունեության մյուս ոլորտները ևս, այդ թվում՝ էլեկտրամոբիլների։