Մարզահամերգային համալիրի բակում սպասվում էր Leasing Expo 2023-ի ամենամեծ անակնկալը․ Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերության տաղավարում հավաքված հյուրերն ու այցելուներն անհամբեր սպասում էին, թե ինչ է թաքնված արծաթագույն սավանի տակ։
Andron ընկերությունն էլեկտրամոբիլների Neta բրենդի պաշտոնական և միակ ներկայացուցիչն է Հայաստանում։
100% էլեկտրական Neta բրենդի վերջին սերնդի մոդելի՝ Neta S-ի պաշտոնական շնորհանդեսին ներկա էին 𝐍𝐞𝐭𝐚-ի՝ Չինաստանից ժամանած պատվիրակությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ի ղեկավար կազմը, ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ, գործարարներ։


Չինաստանից ժամանած Neta ավտոբրենդի փոխնախագահ Վանգ Չեն Ջին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանը «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է․ «Կարևորում ենք Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական դիրքը այդ ճանապարհի վրա: Մեր բրենդի քաղաքականության համար միջազգայնացումը չափազանց կարևոր է: Այստեղ ներկայացնում ենք ամենազարգացած տեխնոլոգիաներով հագեցած էլեկտրական մեքենաներ՝ շեշտը դնելով նաև այն հանգամանքի վրա, որ դրանք հասանելի լինեն հասարակության լայն շրջանակներին»:
Այսօր Neta բրենդը, չնայած հինգ տարվա պատմություն ունի, չինական էլեկտրական մեքենաների վաճառքների սանդղակում լավագույն քսանյակում է, իսկ Հայաստանում էլեկտրամոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչը Andron ընկերությունն է, որը չինական այս բրենդի հետ համագործակցում է 3 տարուց ավելի:


Բազմաթիվ առանձնահատկություններով աչքի ընկնող Neta S էլեկտրական փոխադրամիջոցը եզակի է թե՛ Հայատանում, թե՛ տարածաշրջանում, որոնցից, թերևս, ամենաակնառուն վերև բացվող դռներն են։
Սա այս բրենդի արդեն 3-րդ մոդելն է Հայաստանում, բոլորը տարբեր գնային սեգմենտներից են՝ նախատեսված տարբեր նպատակների ծառայելու համար։
«Andron ընկերությունը ոչ թե նոր ավտոմեքենա, այլ նոր մշակույթ է առաջարկում հայաստանյան շուկային։ Մշակույթ, որը մեր հասարակությունում կարող է կյանքի որակ փոխել։ Այդ մշակույթն ընդգրկում է մի ամբողջ շղթա՝ գիտակցումից, որ պետք է անցում կատարել կանաչ վարքագծի, այսինքն՝ տվյալ պարագայում էլեկտրամոբիլի, մինչև դրանց արհեստավարժ և պատասխանատու սպասարկում։ Իզուր չէ, որ մինչև էլեկտրամոբիլների ներկրումը մենք մասնակցել ենք շուկայի և օրենսդրական դաշտի ձևավորմանը, ստեղծել էլեկտրամոբիլների սպասարկման մասնագիտացված կենտրոն, հետո միայն բացել ավտոսրահ»,-ասում է Andron ընկերության տնօրեն Արմեն Մելյանը։ Ընկերությունը լիցքավորման ցանց (charging system) է պատրաստվում ներդնել Հայաստանում՝ եռաֆազ տարբերակով, որը մեքենային թույլ է տալիս լիցքավորվել առնվազն կես ժամում:
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի խոսքով՝ ապագան, միանշանակ, էլեկտրամոբիլներինն է. «Հայ գործարարները կարող են համագործակցել չինական ընկերությունների հետ ոչ միայն դեպի Հայաստան, այլև դեպի տարածաշրջան ուղղությամբ։ Մենք ընդլայնելու ենք Neta-ի հետ համագործակցությունը՝ ընդգրկելով նաև Վրաստանը, ինչպես նաև զարգացնելու ենք ավտոսպասարկման մշակույթն ու հասնելու ենք այն հանգրվանին, որ չինական շուկայի համար արտադրվող էլեկտրամոբիլներն այսուհետև նաև մեր տարածաշրջանի սպառողների ու, առհասարակ, տարածաշրջանի առանձնահատկությունները (թե՛ կլիմայական, թե՛ ճանապարհային, թե՛ սպառողների նախընտրությունները) հաշվի առնելով արտադրվեն»։
Շնորհանդեսի ընթացքում Shtigen-ը ևս մեկ անակնկալ էր պատրաստել․ 𝐍𝐞𝐭𝐚 𝐒-ի ուրվագծով ավտոմեքենան պատկերված էր մոլբերտի վրա, իսկ հատուկ հյուրերն ու ներկաները փոքրիկ գունային շտրիխով ստացան փոխադրամիջոցի ամբողջական ու հայ-չինական բարեկամությունը խորհրդանշող պատկերը։

Andron ընկերության անվան ծագումն ու հայ գիտնականի թողած ժառանգությունը

Հանրահայտ գիտնական Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյանի պատվին է անվանակոչվել Andron ընկերությունը:
«Ընկերությունների խմբի համար հիմնաքարային նշանակություն ունեն կոորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող արժեքները, և էլեկտրամոբիլների ուղղությունը ներկայացնող ընկերությունն անվանակոչելով հայ մեծանուն գիտնականի պատվին՝ ինչ-որ իմաստով հենց այդ արժեքներն ենք սպասարկում»,-ասում է Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանը՝ ավելացնելով, որ ընկերությունների խումբը բացառապես վաճառք իրականացնող ընկերություն չէ․ մենք արժեքներ ենք ստեղծում և փորձում նպաստել դրանց տարածմանը:
Անդրանիկ Իոսիֆյանը ծնունդով Արցախից էր՝ Մարտակերտի Ծմակահող գյուղից, նա ավելի քան 25 գյուտի հեղինակ է, ԽՍՀՄ էլեկտրաֆիկացման նախահայրերից մեկը, ինչպես նաև շատ մեծ ավանդ ունի հրթիռային գիտության մեջ: