Էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է: Սա վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Օրերս էլ կայացավ «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսը: Թեմայի շուրջ Past.am-ը զրուցել է «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր, Էլ․ Էներգիայի ազատականացված շուկայի մատկարար Էներէքս ՓԲԸ-ի համահիմնադիր Հայկ Շեկյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հոդվածը առանց խմբագրումների։
«Հայկ Շեկյանը նշում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից որոշել են ընկերություն՝ Էներէքս ՓԲԸ-ն գրանցել, որն ազատականացված շուկայում կաշխատեր որպես առանձնացված բիզնես ուղղություն: «Ազատականացում ասվածը տարընթերցումների առիթ է տալիս, մարդիկ հաճախ սխալ են հասկանում: Սա փուլային պրոցես է, այս պահի դրությամբ ազատականացվում է շուկայի մի հատվածը:
Ըստ էության, արտադրողները և սպառողները, այսօր արդեն շրջանցելով միակ գնորդ և վաճառող հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, կարողանում են իրար հետ անմիջական պայմանագրեր կնքել: Խոսքը զուտ կոմերցիոն հարաբերությունների մասին է: Ինչո՞ւ եմ սա շեշտում: Հաճախ հնչում են մտքեր, որ «ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, այս ռեֆորմը լուրջ վտանգներ և ռիսկեր է պարունակում»: Իրականում այս ամենը վերաբերում է զուտ կոմերցիոն հարաբերություններին, այսինքն` եթե կա հոսանք արտադրող ընկերություն և հոսանք սպառող ընկերություն, այդ երկու սուբյեկտն իրար մեջ կարող են ինչ-որ սակագին և մատակարարման որոշակի ծավալներ պայմանավորվել: Այդքանը:
Ռեժիմային, տեխնոլոգիական երևույթների վրա դա չի անդրադառնում, որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Օպերատորները շարունակում են մատուցել ենթակառուցվածքային ծառայություններ: Օրինակ` հոսանքի բաշխման ծառայությունը վերապահված է ՀԷՑ-ին, նա շարունակում է այն մատուցել: Բարձրավոլտ էլեկտրացանցերը, որոնք բարձրավոլտ ցանցերով հոսանքը մեծ տարածությունների վրա են տեղափոխում` արտադրողից մինչև բաշխման ցանցին ավելի մոտիկ, նույն իրենց գործառույթն իրականացնում են: Այդ երկու օպերատորները շարունակում են ստանալ իրենց համապատասխան ծառայությունների վճարները, որոնք հաստատել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Պարզապես այդտեղից արդեն դուրս է գալիս հոսանքի վաճառքի գինը արտադրողի կողմից, արտադրողը և մատակարար հանդիսացող ընկերություններն արդեն իրար միջև պայմանավորվում են մեկ այլ թիվ, որը նախկինում ՀԷՑ-ին իջեցվում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Կա նաև շուկայի օպերատոր և հաշվարկային կենտրոն, դրանք էլ ստանում են համապատասխան ծառայությունների դիմաց իրենց վճարը: Այսինքն` գնագոյացումը վերջին` առք ու վաճառքի հատվածում սպառողի համար դառնում է մրցակցային սկզբունքներով ձևավորվող, որն ինչ-որ իմաստով ավելի արդար խաղալու հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: Մեզ մոտ ստեղծվում է արդար գնի ինստիտուտը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շեկյանը: Ընդգծում է` տնտեսվարող սուբյեկտները կարողանում են նախկինում ֆիքսված սակագինն այսօր արդեն համարել իրենց կառավարչական որոշումների օբյեկտներից մեկը, կարող են ավելի գրագետ կազմակերպել իրենց տնտեսությունը, փորձել ավելի լավ սակագին բանակցել, ավելի ճիշտ կազմակերպել էլէներգիայի սպառումը ռեժիմային իմաստով: «Նախկինում սպառողները կարող էին մինչև 0-ից 100 տոկոս բեռ վերցնել մեկ ժամվա ընթացքում երեք անգամ և զրոյացնել, իսկ հիմա էլէներգիայի սպառման նման վարքագիծն արդեն պատժվելու է ավելի բարձր սակագնով, որովհետև մատակարար ընկերությունը պետք է ապահովի սինխրոնությունը նաև արտադրողի կողմից, իսկ դա լինելու է ավելի փակ»,-նշում է մեր զրուցակիցը: