Ֆիլմերը դարձել են վերականգնվող էներգետիկան լուսաբանելու հզոր գործիք՝ ներկայացնելով դրա հնարավորությունները, առավելություններն ու մարտահրավերները։

Եկե՛ք հավաքվենք մեծ էկրանի շուրջ ու մի քանի ֆիլմերի օգնությամբ հասկանանք, թե ինչպես է վերականգնվող էներգետիկան փոխում մեր մոլորակը

 

 «Անհարմար ճշմարտություն» (“An Inconvenient Truth”) 2006

«An Inconvenient Truth»-ը, ներկայացնելով գիտական փաստեր, պատմում է գլոբալ տաքացման և դրա վտանգների մասին։ Ֆիլմը ուշադրություն է հրավիրում, թե ինչպես է մարդածին գործոններով առաջացած կլիմայական փոփոխությունն ազդում մոլորակի վրա, և ինչու է մարդկության ապագայի համար այդքան կարևոր վերականգնվող էներգետիկան։
Ռեժիսոր  Դևիս Գուգենհայմի այս ֆիլմն առաջին և միակ վավերագրական ֆիլմն է, որն արժանացել է երկու «Օսկար» մրցանակի՝ «Վավերագրական ֆիլմ» և «Ֆիլմի երգ» անվանակարգերում։

 

 «2040» (2019)

Այս ֆիլմը ապագայի մասին է, որը ներկայացնում է, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները կրճատել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը մինչև 2040 թվականը։

Ի տարբերություն շատ բնապահպանական վավերագրական ֆիլմերի, որոնք կենտրոնանում են խնդիրների և սպառնալիքների վրա, «2040»-ը առաջարկում է լուծումներ և հույս։ Այն ներկայացնում է իրական, առկա տեխնոլոգիաներ, որոնք կարող են փոխել մեր ապագան։

«Տասնմեկերորդ ժամը» (“The 11th Hour”) (2007)

Ֆիլմի պրոդյուսերը Լեոնարդո դի Կապրիոն է։ Ֆիլմում ներկայացված են 50-ից ավելի գիտնականներ, քաղաքական գործիչներ և բնապահպաններ, ովքեր իրենց մտքերով և առաջարկած լուծումներով առաջ են բերում վերականգնվող էներգետիկայի անհրաժեշտության գաղափարը։

Ֆիլմն ընդգծում է այն միտքը, որ մարդկությունը կանգնած է շրջադարձային կետի առջև և հնարավորինս արագ պետք է անցում կատարի վերականգնվող էներգետիայի՝ արևային, քամու և այլ մաքուր էներգիայի աղբյուրների։ Նաև խոսվում է, որ այն ոչ միայն անհրաժեշտ է, այլև հնարավոր և հասանելի։

 

«Ջրհեղեղից առաջ» (“Before the Flood”) (2016) 

Այս վավերագրական ֆիլմում Լեոնարդո դի Կապրիոն՝ որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ ուսումնասիրելու կլիմայի փոփոխության ազդեցությունները և քննարկելու հնարավոր լուծումները։ Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես է գլոբալ տաքացումը ազդում մոլորակի վրա և ինչ քայլեր կարող են ձեռնարկվել դրա դեմ պայքարելու համար։ Ֆիլմում ընդգծվում է վերականգնվող էներգետիկայի՝ արևային, քամու և հիդրոէներգիայի կարևորությունը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնական միջոցներ։

«Հալվող սառույցի հետքերով» (“Chasing Ice”) (2012) 

Կլիմայի փոփոխության անմիջական ազդեցության մասին է այս ֆիլմը՝ փաստագրելով, թե ինչպես են սառցադաշտերը հալվում աննախադեպ արագությամբ։

Լուսանկարիչ Ջեյմս Բալոգն իր Extreme Ice Survey ծրագրի միջոցով ժամանակագրական (time-lapse) տեսախցիկներ է տեղադրում՝ տարիներ շարունակ ֆիքսելով սառցադաշտերի նահանջը։ Ֆիլմը ներկայացնում է ցնցող կադրեր, որոնք ապացուցում են կլիմայական փոփոխությունների իրական ազդեցությունը։ Այն ցույց է տալիս շրջակա միջավայրի փոփոխությունները կենդանի պատկերներով։ Սա հիմնված է իրական գիտական տվյալների վրա և ստիպում է մտածել վերականգնվող էներգիայի անհրաժեշտության մասին, քանի որ գլոբալ տաքացումը հիմնականում պայմանավորված է ածխածնի արտանետումներով։