Արևային կայանների արդյունավետ աշխատանքին երբեմն խանգարում է մի խնդիր, որը հաճախ չի քննարկվում․ լարումների տատանումները էլեկտրացանցում։
Լարումների նորմատիվ միջակայքը
Էլեկտրացանցի անվանական լարումը կազմում է 220 Վ, իսկ թույլատրելի միջակայքը՝ մոտ 198–242 Վ։ Իրականում, տարբեր համայնքներում գրանցվում են 180 Վ-ից մինչև 280 Վ տատանումներ։
Ըստ ֆիզիկայի օրենքների և գործող տեխնիկական նորմերի՝ արևային կայանի արտադրած ավելցուկային հոսանքը ցանց մղելիս կարող է հանգեցնել լարման շատ փոքր բարձրացման՝ սովորաբար մինչև 1–2% (կախված բեռից։) Սա բնական և թույլատրելի երևույթ է։
Ինչպե՞ս է արձագանքում արևային համակարգը
Արևային կայանի փոխակերպիչը նախատեսված է աշխատելու որոշակի լարման միջակայքում։ Եթե լարումը գերազանցում է այդ սահմանը, փոխակերպիչը անվտանգության համար անջատվում է։ Եթե լարումը չափազանց ցածր է, համակարգը նույնպես չի միանում կամ արտադրում է սահմանափակ։
Այսպիսով, լարումների բարձր կամ ցածր արժեքների դեպքում արևային կայանը տվյալ ժամանակահատվածում չի մատակարարում արտադրանք։
Տվյալների վրա հիմնված օրինակներ
Ըստ իրական չափումների՝ տարբեր համայնքներում արձանագրվել են հետևյալ դեպքերը․
- Արմավիրի մարզում՝ փոխակերպիչի անջատված վիճակում լարումը եղել է 216 Վ, իսկ աշխատելիս բարձրացել է մինչև 219 Վ
- Արագածոտնում՝ փոխակերպիչը միացված է եղել 271 Վ լարման պայմաններում
- Շիրակի մարզում արձանագրվել է 270 Վ լարում, երբ փոխակերպիչը գործել է ընդամենը 5 կՎտ բեռով
- Կոտայքի մարզում՝ Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում, գրանցվել են 273 Վ լարումներ

Գծապատկեր. լարումների համեմատություն թույլատրելի սահմանների հետ
Հնարավոր հետևանքներ
- Արտադրանքի կորուստ – լարումների բարձրացման հետևանքով փոխակերպիչը դադարում է աշխատել
- Կենցաղային սարքերի խափանում – 270 Վ և ավելի լարումները կարող են վնասել սարքերը
Ի՞նչ կարելի է անել
- Հետևել լարումների փոփոխություններին մոնիթորինգի միջոցով
- Խնդրի դեպքում դիմել ցանցը սպասարկող ընկերությանը
Լարումների տատանումները կապված են էլեկտրացանցի ընդհանուր վիճակի հետ և տարածված են տարբեր բնակավայրերում։ Արևային կայանը, գործելով սահմանված տեխնիկական նորմերի շրջանակում, չի կարող առաջացնել վտանգավոր լարումների աճ․ իրական պատճառը ցանցի թողունակության սահմանափակումներն են։
Թեև այս խնդիրը ժամանակավորապես խանգարում է կայանների աշխատանքին, արևային էներգիան մնում է արդյունավետ և վստահելի լուծում։
