Արևային կայանների արդյունավետ աշխատանքին երբեմն խանգարում է մի խնդիր, որը հաճախ չի քննարկվում․ լարումների տատանումները էլեկտրացանցում։

Լարումների նորմատիվ միջակայքը

Էլեկտրացանցի անվանական լարումը կազմում է 220 Վ, իսկ թույլատրելի միջակայքը՝ մոտ 198–242 Վ։ Իրականում, տարբեր համայնքներում գրանցվում են 180 Վ-ից մինչև 280 Վ տատանումներ։

Ըստ ֆիզիկայի օրենքների և գործող տեխնիկական նորմերի՝ արևային կայանի արտադրած ավելցուկային հոսանքը ցանց մղելիս կարող է հանգեցնել լարման շատ փոքր բարձրացման՝ սովորաբար մինչև 1–2% (կախված բեռից։) Սա բնական և թույլատրելի երևույթ է։

Ինչպե՞ս է արձագանքում արևային համակարգը

Արևային կայանի փոխակերպիչը նախատեսված է աշխատելու որոշակի լարման միջակայքում։ Եթե լարումը գերազանցում է այդ սահմանը, փոխակերպիչը անվտանգության համար անջատվում է։ Եթե լարումը չափազանց ցածր է, համակարգը նույնպես չի միանում կամ արտադրում է սահմանափակ։

Այսպիսով, լարումների բարձր կամ ցածր արժեքների դեպքում արևային կայանը տվյալ ժամանակահատվածում չի մատակարարում արտադրանք։

Տվյալների վրա հիմնված օրինակներ

Ըստ իրական չափումների՝ տարբեր համայնքներում արձանագրվել են հետևյալ դեպքերը․

  1. Արմավիրի մարզում՝ փոխակերպիչի անջատված վիճակում լարումը եղել է 216 Վ, իսկ աշխատելիս բարձրացել է մինչև 219 Վ
  2. Արագածոտնում՝ փոխակերպիչը միացված է եղել 271 Վ լարման պայմաններում
  3. Շիրակի մարզում արձանագրվել է 270 Վ լարում, երբ փոխակերպիչը գործել է ընդամենը 5 կՎտ բեռով
  4. Կոտայքի մարզում՝ Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում, գրանցվել են 273 Վ լարումներ

Գծապատկեր. լարումների համեմատություն թույլատրելի սահմանների հետ

Հնարավոր հետևանքներ

  1. Արտադրանքի կորուստ – լարումների բարձրացման հետևանքով փոխակերպիչը դադարում է աշխատել
  2. Կենցաղային սարքերի խափանում – 270 Վ և ավելի լարումները կարող են վնասել սարքերը

Ի՞նչ կարելի է անել

  1. Հետևել լարումների փոփոխություններին մոնիթորինգի միջոցով
  2. Խնդրի դեպքում դիմել ցանցը սպասարկող ընկերությանը

 

Լարումների տատանումները կապված են էլեկտրացանցի ընդհանուր վիճակի հետ և տարածված են տարբեր բնակավայրերում։ Արևային կայանը, գործելով սահմանված տեխնիկական նորմերի շրջանակում, չի կարող առաջացնել վտանգավոր լարումների աճ․ իրական պատճառը ցանցի թողունակության սահմանափակումներն են։

Թեև այս խնդիրը ժամանակավորապես խանգարում է կայանների աշխատանքին, արևային էներգիան մնում է արդյունավետ և վստահելի լուծում։