Էներգետիկ անցումը ոչ թե ապագայի հավակնություն է, այլ ներկայի անհրաժեշտություն։ Հայաստանը տվել է դրա մեկնարկը, իսկ հիմա պետք է արագացնենք մեր քայլերը՝ գործելով ավելի խելացի և նպատակային։ Այս հրապարակումներով կփորձեմ ներկայացնել, թե ինչպես կարող ենք միահամուռ ուժերով խթանել անցումը դեպի մաքուր էներգետիկա։ Ճիշտ ժամանակը հենց հիմա է։
Ինչպես շատ երկրներ, Հայաստանը ևս կանգնած է ճակատագրական ընտրության առջև՝ հապաղե՞լ, թե՞ արագացնել էներգետիկ անցումը։
Սա, իրականում, կեղծ դիլեմա է։ Եթե լրջորեն մոտենանք ռազմավարական կախվածությունների կրճատման, մրցունակ տնտեսություն կառուցելու և մեր հասարակության ժողովրդավարական հիմքերը պահպանելու խնդրին, ինչը հիմնարար կարևորություն ունի իրական առաջընթացի համար, ապա պատասխանը հստակ է՝ մենք պետք է ավելի արագ և խելացի գործենք։
Հայաստանն արդեն իսկ ձեռնարկել է կարևոր քայլեր՝ դեպի էներգետիկ մաքուր ապագա։ Հաջորդ մարտահրավերն այս ձեռքբերումներն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն ու ընդլայնելն է։
Բայց ժամանակը մեր օգտին չէ։ Հնարավորությունների պատուհանը նեղանում է։ Կառավարությունը և բիզնեսի ղեկավարները պետք է վճռական և համագործակցային լինեն։
Այս պահին երկու առաջնահերթություն ունենք՝
1․ Էներգիայի կուտակիչների լայն կիրառություն՝ տնային տնտեսություններից մինչև խոշոր արդյունաբերական համակարգեր․ նորարարությունների և լայնամասշտաբ տնտեսությունների շնորհիվ (օրինակ՝ Չինաստան) էներգիայի կուտակումն այժմ ավելի մատչելի ու հասանելի է, քան երբևէ։
2․ Կարգավորվող սակագների արդիականացում՝ էներգիայի սպառումն արևային էներգետիկայի արտադրության հետ ավելի գրագետ համադրելու և էներգիայի կիրառությունն ավելի արդյունավետ ու խելացի դարձնելու նպատակով։
Հայաստանը կանգնած չէ երկընտրանքի առջև՝ անցում կատարե՞լ, թե՞ ոչ, որովհետև մենք արդեն իսկ կատարել ենք այդ անցումը։ Հիմա պետք է որոշենք՝ որքան արագ կարող ենք կառուցել կայուն, անկախ և ապագային միտված տնտեսություն։
Հայկ Շեկյան
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն