Shtigen Group-ը գտել է ճգնաժամերից դուրս գալու և նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհը։ Այդ ճանապարհը, որը լույս է սփռում մեր կյանքում, գիրքն է։ Վերջին տարիներին մեր ժողովրդի ծանր փորձությունները մեզ էլ կանգնեցրին ամեն լուսաբացի հետ արթնացող միևնույն հարցի առջև՝ ինչպե՞ս դուրս գալ փակուղի թվացող իրավիճակից։ Ելքի և ճգնաժամի հաղթահարման բանալին գտնելու փնտրտուքը մեզ տարավ հայ մեծերի մոտ։ Ուզում էինք հասկանալ, թե ինչպես են նրանք հաղթահարել իրենց ժամանակաշրջանին բաժին հասած դժվարությունները և ինչ լուծումներ են առաջարկել։ Բայց հասկացանք, որ չկա մի ժողովածու, որտեղ ամփոփված կլինեն նրանց խոհերը, խորհուրդները, ելքի ճանապարհները։ Հավատարիմ մնալով Կորպորատիվ ազգային պատասխանատվության մեր սկզբունքին և համոզմունքին, որ լուսավորությունը պետք է լինի ցանկացած նախաձեռնության հիմքում՝ որոշեցինք ինքներս ձեռնամուխ լինել նման ժողովածու ստեղծելուն։