Հուլիսի 22-23-ին Սևանա լճի ափը վերածվել էր էներգետիկ ոլորտի մասնագիտական քննարկման հարթակի։ 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ը, համագործակցելով Startup Armenia Foundation-ի հետ, Հայաստանում առաջին անգամ կազմակերպեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով» (𝐄𝐓𝐄𝐒)։
Հարավային Կովկասից մինչև Ասիա ու Եվրոպա․ «Նորարարարության խթանումը հանուն կայուն ապագայի» խորագրով համաժողովին մասնակցում էին փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, պետական սեկտորի ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ աշխարհի տարբեր անկյուններից։
Երկօրյա այս համաժողովին մասնակիցները քննարկեցին ոլորտի կարևորագույն հարցերը՝ էներգետիկ շուկայի ազատականացումից մինչև կառավարում, վերականգնվող էներգետիկայից մինչև էներգետիկ թափոններ, e-mobility-ից մինչև կլիմայի փոփոխության դեմ պայքար և նորարարական ֆինանսական գործիքներ։
Համաժողովին ելույթով հանդես եկան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը նաև ոլորտի պանելային քննարկման մասնակիցներից էր։
«Ուրախ եմ, որ սամմիթի շրջանակներում կազմակերպվել են էներգետիկ ուղղության մի շարք քննարկումներ, որոնք և՛ առկա իրավիճակի, և՛ մեր անելիքների առումով չափազանց օգտակար են։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ տարվող մի շարք ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին տարիներին մեծացել են վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, մասնավորապես՝ արևային կայաններից արտադրությունը վերջին 5 տարվա ընթացքում ընդհանուր արտադրության ծավալի մեջ գրեթե զրոյից հասել է շուրջ 13%-ի»,- ելույթում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի խոսքով՝ համաժողովի նպատակն էներգետիկ ոլորտի խնդիրները քննարկելն ու դրանց լուծման ճանապարհները ուրվագծելու համար հարթակ ստեղծելն է. «Նման քննարկումները հնարավորություն են տալիս միջոլորտային կապեր կառուցել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այս հարցում հատկապես կարևոր է մասնավոր սեկտորի նախաձեռնողականությունը, որովհետև հենց բիզնեսի ներկայացուցիչներն են այդ կամուրջները միմյանց կապում ու զարգացնում՝ հետևողական քայլերով նպաստելով էներգետիկ անկախության ձևավորմանը»,- նշեց Հայկ Շեկյանը:
Համաժողովի խոսնակ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը, անդրադառնալով համաժողովին և այդ համատեքստում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, նշեց․ «Գլխավոր ձեռքբերումը, թերևս, այն է, որ ունենք ոլորտի դեմոնոպոլիզացիա։ Այսինքն՝ այսօր մեր երկրի սպառողներն ունեն ընտրության հնարավորություն՝ ումից ձեռք բերել էլեկտրաէներգիա, ինչ պայմաններով ու սակագնով»։
Համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Վրաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի (GREDA) գործադիր տնօրեն Մայա Մելիքիձեն մասնակցեց «Էներգետիկ շուկա և ենթակառուցվածքներ․ ազատականացում և զարգացում» թեմայով պանելային քննարկմանը, ինչպես նաև պրեզենտացիա ներկայացրեց։ «Քանի որ մեր երկու երկրներն ընդհանուր շատ բաներ ունեն, ոլորտային զարգացմանը նպաստող նման համաժողովներն էլ չափազանց կարևոր են։ Մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտում պետք է համախմբենք մեր ջանքերը՝ ներկրելու և արտահանելու էլեկտրաէներգիա, որպեսզի էլ ավելի զարգացնենք ոլորտը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի։ Shtigen-ը ոլորտի կարևոր դերակատարներից է, և նրա կուտակած փորձն ու գիտելիքը շատ օգտակար են թե՛ մեզ, թե՛ տարածաշրջանի համար»,- նշեց Մայա Մելիքիձեն։ Ի դեպ, Shtigen Group-ը ներկայացված է նաև Վրաստանում և անդամակցում է GREDA-ին։
«էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողովի» շրջանակում խոսնակներն ու հյուրերն այցելեցին նաև Հայաստանի ամենախոշոր արևային կայան՝ «Մասրիկ -1»։ 62 ՄՎտ հզորությամբ այս կայանի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային առաջատար FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։ Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակել էր Shtigen-ին։