Համագործակցություն, որը հիմնված է նոր արժեքների վրա և ավելի է ամրապնդում 𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧՝ տարիների պատմություն ունեցող բարեկամական կապը։

 

Սևանի ափին՝ Sevan Startup Summit-ի շրջանակում,  Shtigen Ventures և Triple S Ventures ներդրումային ֆոնդերի միջև համագործակցության հուշագիր կնքվեց, որի նպատակն է, միավորելով երկու ընկերությունների ներուժն ու արժեքները, ընդլայնել համագործակցային դաշտը։


Shtigen-ի ու Triple S-ի հիմնադիրների համագործակցությունը տարիների պատություն ունի։ Այս հուշագրով, ըստ Triple S Ventures-ի ֆոնդի կառավարիչ Ավագ Սիմոնյանի, այդ համագործակցությունն ավելի է ամրապնդվում․ «Այս հուշագրով մենք պատրաստակամություն ենք հայտնում ոչ միայն ստարտափ ծրագրերում համատեղ ներդրումներ կատարել, այլև մասնագիտական փորձով փոխանակվել ու փոխադարձ  ներգրավածություն ունենալ տարբեր ծրագրերում»։

Ճիշտ է, երկու վենչուրային ֆոնդերը գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, սակայն արդեն ուրվագծել են, թե ինչպես և որ կետերում են համագործակցային դաշտ ձևավորելու։

Կանաչ նախագծերում  ներդրումներ կատարող Shtigen Ventures-ի և տեխնոլոգիական ստարտափներում  ներդրումներ կատարող Triple S-ի համար կարևոր է այս համագործացությունը` հնարավորություն ընձեռելով համատեղ ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիական նախագծերում։

«Այսպիսով հնարավորություն է ստեղծվում՝ մեկտեղելու բիզնես գաղափարները և միավորելով երկու ներդրումային ընկերությունների ներուժը, փորձագիտական պաշարն ու տարբեր ոլորտներում կոմպետենցիաները՝ ավելի մեծ ու մնայուն արժեքներ ստեղծել թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման, թե՛ առհասարակ աշխարհում մրցունակ լինելու առումով»,-նշեց Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը։

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի համար կարևոր է, որ երկու ընկերությունների արժեքային հիմնաքարերը չեն հակասում միմյանց, ինչն ավելի արդյունավետ է դարձնում համագործակցությունը։

«Այս օրերին, երբ Արցախը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, մեր քայլերն ու գործողությունները, անշուշտ, պետք է լինեն համարժեք։ Միաժամանակ,  երկրում աշխատանքը չպետք է դադարի․ այն պետք է դառնա շատ ավելի ինտենսիվ ու հասցեական,  որպեսզի երկրի տնտեսությունը կանգ չառնի՝ հնարավորություն ունենալով սնուցել նաև մեր հայրենիքի՝ այս պահին ամենախոցելի վիճակում գտնվող հատվածը։ Այս համագործակցությունը հենց այդ ջանքերը մեկտեղելու և ավելի հասցեական դարձնելու մասին է»,-ասաց Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։