Shtigen Group-ը և «Էլեկտրասեվկավմոնտաժ» էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժման և կարգաբերման ձեռնարկություն» ՍՊԸ-ն այսուհետև համատեղ նախագծեր կիրականացնեն արևային էներգետիկայի ոլորտում։ Ընկերությունների ղեկավարներ Հայկ Շեկյանը և Տիգրան Գրիգորյանը համապատասխան հուշագիր են կնքել՝ ազդարարելով համագործակցության մեկնարկը։
Ընկերությունները, այսպիսով, պահպանելով իրենց նեղ մասնագիտացումը, կփոխանակվեն հարակից ոլորտի լավագույն գիտելիքով ու լուծումներով և մեկտեղելով ջանքերը՝ ավելի արդյունավետ կդարձնեն արևային կայանների ու ենթակառուցվածքների կառուցումը։
«Մեր երկրում և տարածաշրջանում ինտենսիվորեն զարգացող արևային էներգետիկան և առհասարակ էներգետիկ ենթակառուցվածքները որակապես նոր պահանջներ են սահմանում արժեշղթայի բառացիորեն բոլոր կետերի նկատմամբ՝ թե՛ նոր ձևավորվող, թե՛ արդեն իսկ գոյություն ունեցող: Նման համագործակցությունները հենց այդ պահանջների բավարարմանն են ուղղված»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։
«Էլեկտրասեվկավմոնտաժ»-ի տնօրեն Տիգրան Գրիգորյանը նշում է՝ արևային էներգետիկայի ոլորտը, լինելով էներգետիկայի ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը, պահանջում է նորարարական և մասնագիտորեն ճիշտ լուծումներ՝ կայանի նախագծման և տեղակայման յուրաքանչյուր փուլում։
«Շահառուի դիտանկյունից կարող է թվալ, թե այդ գործընթացում չկա որևէ բարդ կամ մասնագիտական հատուկ գիտելիք պահանջող տարր։ Սակայն մենք՝ մասնագետներս, հաճախ ենք նկատում էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների համար առանցքային նշանակություն ունեցող տրանսֆորմատորային ենթակայանների հանգույցի նկատմամբ ոչ մասնագիտական մոտեցումներ, ինչի հետևանքով տուժում է ընդհանուր համակարգը»,- ասում է Տիգրան Գրիգորյանը։
Ըստ մասնագետների՝ այս հանգամանքը բացասաբար է անդրադառնում նաև հայկական ընկերությունների վարկանիշի և միջազգային մրցունակության վրա:
«Հենց այդ խնդրների լուման նպատակով մենք համագործակցության ձեռք մեկնեցինք ոլորտում իր արհեստավարժությամբ աչքի ընկնող և մասնագիտական լավագույն ավանդույթները պահպանող ընկերությանը՝ վստահ լինելով, որ համատեղ ուժերով նոր չափորոշիչներ և մրցակցային նշաձողեր կսահմանենք էներգետիկ ոլորտում իրականացվող նախագծերի համար»,- ասում է Հայկ Շեկյանը։
Shtigen Group-ի և «Էլեկտրասեվկավմոնտաժ»-ի համագործակցությամբ պատվիրատուներին կառաջարկվի «from sun to wire» (արևից՝ հաղորդալար) մեխանիզմով համալիր լուծումներ։