Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցը մինչև 2022-ի հունվար երբևէ տաք ջուր չի ունեցել։ Արցախի կառավարության միջոցներով ու Shtigen Group-ի վարպետների արհեստավարժ ձեռքերով է տեղադրվել արևային ջրատաքացուցիչը։
Արցախյան առաջին պատերազմում զոհված Խրամորթի ջոկատի հրամանանատար Գառնիկ Ավանեսյանի անունը կրող դպրոցի տնօրենն ասում է, որ ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո կրթարանի կյանքն ու կենցաղը միանգամից փոխվեց։
«Արդեն 10 տարի այս դպրոցի տնօրենն եմ ու ինչ հիշում եմ, թասերի մեջ տաք ջուր էինք լցնում, այդպես լվանում ափսեներն ու մյուս կարիքները հոգում։ Դժվար էր, ինչ խոսք, մանավանդ ցրտին»,- պատմում է Անուշ Առաքելյանը։
Խրամորթի դպրոցը 71 աշակերտ ունի, որոնցից ավելի քանի 50-ը մնում է երկարօրյայում։ Հատկապես այդ ու նախադպրոցական խմբերի երեխաների կարիքները հոգալու համար էր անհրաժեշտ տաք ջուրը։ Սակայն մի ամիս անց թշնամու վայրագությունների հետևանքով տնօրենը կողպեց դպրոցի դուռը, գյուղի կանանց ու երեխաներին էլ տարհանեցին։
«Դպրոցի ջրատաքացուցիչն այդ օրերին էլ պետք եկավ, զինվորներին ու դիրքերը հսկող տղաներին էի փոխանցել բանալին, որ տաք ջրից օգտվեն։ Դա իսկապես մեծ փրկություն էր տղաների համար»,-նշում է Անուշ Առաքելյանը։
Խրամորթում ասում են՝ անկախ ամեն ինչից, շինարարությունը մեծ հույս է:
«Երբ տեղադրողները Հայաստանից եկան, սկսեցին գործ անել, սկսեցինք մտածել՝ ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Գյուղում ընթացող ցանկացած աշխատանք մեզ ապրելու հույս է տալիս»,- ասում է դպրոցի տնօրենը։