Գեղարքունիքի մարզում Shtigen-ը կառուցել է 2024թ․ դրությամբ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։ «Մասրիկ-1» կայանի շինարարությունը տևել է 11 ամիս. աշխատանքը չի դադարել անգամ ձմռանը՝ Shtigen-ի աշխատաթիմը պատրաստ էր, այդ թվում` եղանակային մարտահրավերներին։ Շինարարական աշխատանքներին ներգրավվել է 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։
Հզորություն՝ 62 ՄՎտ
Տարեկան արտադրողականություն՝ 128 ԳՎտԺ
Տարածք՝ 130 hա
Օգտագործված վահանակների քանակ՝ 114 984
Տարեկան չարտազատված աշխաթթու գազ՝ ավելի քան 54 000 տոննա
Նախագծի մեկնարկ՝ 2023թ․ նոյեմբեր
Նախագծի ավարտ՝ 2024թ․ հոկտեմբեր
«Մասրիկ-1» արևային կայանի տարեկան արտադրած էլեկտրաէներգիան կբավարարի ավելի քան 20 000 տուն հոսանքով ապահովելու համար։
Այս կայանը համարվում է պետություն-մասնավոր հատված գործակցության լավագույն օրինակներից մեկը։ «Այն, ինչ հնարավոր է աշխարհում որևէ տեղ, հնարավոր է նաև Հայաստանում։ Սա նախագիծ էր, որը առանցքային նշանակություն ուներ ոչ միայն տնտեսության, այլև երկրի համբավի համար, որովհետև ի վերջո միջազգային ներդրողները, խոշոր կառույցները, արևային և վերականգնվող էներգետիկայի համաշխարհային համայնքը, ֆինանսական տարատեսակ կառույցներն առաջնորդվում են տվյալ երկրի նախկին փորձով։ Եվ յուրաքանչյուր չստացված նախագիծ կամ փորձ հետ է պահում ներդրողին այդ երկրում որևէ հավակնոտ ծրագիր իրականացնելուց։ Հետևաբար, այս նախագծի իրագործումը սկզբունքային կարևորություն ուներ»,-ասել է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։
Ի դեպ, կայանը կառուցվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան․ այդ մասին փաստել են թե՛ տեղացի և թե՛ միջազգային մասնագետները։
Նախագծի իրականացման համագործակցային աշխարհագրությունը չափազանց լայն է, ինչպես ինքը՝ բուն նախագիծը։ «Մասրիկ-1»-ի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային առաջատար FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։ Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակել է Shtigen-ին։