Օլիմպիական խաղերը 4 տարին  մեկ միավորում է մոլորակի բոլոր երկրները ոչ միայն սպորտի, այլև մշակույթի և տեխնոլոգիաների շուրջ։ 

Վերջին տասնամյակում Օլիմպիական խաղերի ժամանակ արևային էներգիան լայն կիրառություն ունի։ Փարիզ 2024-ի կազմակերպիչները նպատակ ունեին դառնալ պատմության մեջ առաջին «էներգետիկ անկախ» միջոցառում անցկացրած երկիրը։

 

Էներգիայի սպառման նվազեցում

 

Փարիզ 2024-ի ենթակառուցվածքները․ ի տարբերություն նախորդ խաղերի, այս մեկն էներգետիկ առումով ավելի արդյունավետ էր։ Ե՛վ գործող մարզադաշտերի, և՛ ժամանակավոր ենթակառուցվածքների լուսավորության համակարգերն ավելի քիչ էներգիա էին ծախսում՝ շնորհիվ LED տեխնոլոգիայի կիրառման։ Արդյունքում՝ ծախսը կրճատվում էր մոտ 80%-ով ստանդարտ լուսավորության համեմատ:

Ավելի քիչ վարդակներ, ավելի քիչ տպիչներ, փոքր էկրաններ․ այս սկզբունքով էր հյուրընկալող երկիրը ներկայանում աշխարհին։ Գուցե սրանք արտաքուստ փոքր դետալներ են, բայց նման մասշտաբային միջոցառումների դեպքում արդյունքն ավելի քան տեսանելի է լինում։ 

Արևային էներգետիկայի դերի ընդլայնում


 

Փարիզ 2024-ին էլեկտրաէներգիայի բեռը մեծապես իր ուսերին վերցրեցին արևային կայանները։ Գլխավոր մարզադաշտերի (մասնավորապես Stade de France-ի, որտեղ բացի արևային կայանից, նաև 650 LED լամպեր են տեղադրվել) և Օլիմպիական ավանի (այստեղ ժամանակավոր բնակվում էին մարզիկները, նրանց մարզիչներն ու սպասարկող անձնակազմը) հիմնական սնուցման աղբյուրները արևային կայաններն էին։

Վերականգնվող էներգիայի այլ աղբյուրներ

Փարիզ 2024-ը 100% վերականգնվող էլեկտրաէներգիա ունեցավ ոչ միայն արևային 2 խոշորագույն կայանների, այլև վեց հողմակայանների  շնորհիվ (փոքր կայանները չհաշված)։ Խաղերը նաև նորարարությունների և նոր լուծումներ փորձարկելու հնարավորություն էր. միջոցառման ընթացքում փորձարկվել են նաև ինքնասպառման համար էլեկտրաէներգիայի տարբեր մոդելներ, որոնց արդյունավետության մասին կազմակերպիչները կհաղորդեն ավելի ուշ։

 

Էներգետիկ անկախության՝ Փարիզի օրինակը

Փարիզ 2024 Օլիմպիական խաղերն աշխարհին ներկայացավ որպես օրինակ, թե ինչպես է հնարավոր միջազգային միջոցառումը նաև վերականգնվող էներգետիկ լուծումների հարթակ դարձնել։ 

Ի դեպ, խաղերի կազմակերպիչները նախատեսում են նաև նորարար տեխնոլոգիաները կիրառելու շնորհիվ համայն աշխարհին հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես կարողացան նվազեցնել աշխաթթու գազի արտանետումը շրջակա միջավայր։

 

Վերջաբանի փոխարեն

Հայաստանի Օլիմպիական հավաքականը Փարիզից վերադարձել է 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։