Օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի խոշորագույն տանիքային ֆոտովոլտային կայանի բացման միջոցառումը։ «Էլիթ Շանթ» Ընկերությունների խմբին պատկանող արևային կայաններն ունեն գումարային մոտ 1,3 ՄՎտ ֆոտովոլտային հզորություն, ինչը դրանք դարձնում է Հայաստանի՝ նույն գեոլոկացիայում գտնվող խոշորագույն տանիքային ֆոտովոլտային տեղադրումը՝ 7004,7 քմ ընդհանուր մակերեսով։ Կայանները տարեկան կարտադրեն 1 828 214 կՎտժ էլեկտրաէներգիա, որը կուղղվի ընկերությունների խմբի մեջ մտնող գործարանների էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցմանը։ Իսկ «Էլիտ Շանթ» ապրանքանիշի քաղցրեղենի ու պաղպաղակների լայն տեսականին այսուհետ կարտադրվի ու կպահպանվի բացառապես արևից ստացված էներգիայով։ Խնայված էլեկտրաէներգիայի ողջ գումարը, որը տարեկան կկազմի մոտ 82 մլն ՀՀ դրամ, պլանավորված է ուղղել արտադրության ընդլայնմանը։
«Արևային էներգետիկային անցնելու որոշումը կայացրինք 2019 թվականին: Երկար որոնումների արդյունքում ընտրեցինք Shtigen-ին մի քանի սկզբունքներից ելնելով՝ տպավորիչ պորտֆոլիո մեծ թվով խոշոր նախագծերով, դրական կարծիքներ հաճախորդներից, բազմաթիվ պահանջկոտ կորպորատիվ հաճախորդներ, ովքեր տարիների ընթացքում ավելացրել էին հզորությունները, և որ ամենակարևորն է, գրագետ թիմ ընկերության ղեկավարի գլխավորությամբ։ Քանի որ ներդրումը ծառայելու է «Էլիթ Շանթ» ընկերությունների խմբին ավելի քան մի քանի տասնամյակ, մեզ համար նաև խիստ կարևոր էր, որ կիրառվող ապրանքները, նյութերը և կցամասերը լինեն բարձրորակ ու միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան, ինչը և ապահովեց Shtigen-ը», — բացման միջոցառմանը ներկայացրեց ընկերության տնօրինությունը՝ հավելելով, որ բացի էներգետիկ ծախսերի կրճատումը, շատ կարևորում են նաև ծրագրի բնապահպանական նշանակությունը․ կայանները հանրագումարում շրջակա միջավայր արտազատվող ածխաթթու գազի ծավալը կկրճատեն տարեկան մոտ 800տոննայով, ինչը հավասարազոր է 115-160 հա բարդու անտառի գործունեությանը։