Էլեկտրական մեքենաները ՀՀ-ում։ Հայկ Շեկյանի հարցազրույցը vnews.am կայքին
26 Մարտի, 2021
«Ահա և վերջ» ասելու հերթը ձիուն փոխարինած մեքենայինն է.․․
Էլեկտրական մեքենաները Հայաստանում 2018 թվականի համեմատ առնվազն եռապատկվել են. եթե երեք տարի առաջ ներմուծվել է մոտ 180 էլեկտրամոբիլ, ապա 2020-ի 9 ամիսներին ներկրվել է ավելի քան 600 էլեկտրամեքենա: «Շտիգեն» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանը, որը մոտ մեկ տարի չինական Hozon կոնցեռնի էլեկտրական ժամանակակից մեքենաներ է ներկրում, համոզված է՝ ապագան էլեկտրամոբիլներինն է, այլընտրանք չկա:
Էլեկտրամոբիլներն ակնհայտ և անվիճելի առավելություններ ունեն ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների նկատմամբ. միայն այն, որ դրանք աշխատում են էլեկտրականությամբ՝ բենզինի համեմատ առնվազն 10 անգամ կրճատելով ծախսը, արդեն իսկ գերադասելի են: Դրան գումարվում է նաև առավել անվտանգ և էկոլոգիապես մաքուր լինելը:
«Էլեկտրական մեքենաներն այսօր կարելի է անվանել յուրահատուկ գաջեթ, որոնք մատչելի են, ապահով, հեշտ կառավարելի: Նոր մեքենաներն ավելի լավ են հարմարեցվում վարորդին, վարելիս ավելի ճկուն են և հարմար: Ծրագրային պարբերական թարմացումներն ապահովում են դյուրին ընթացք: Եթե թեկուզ գերհզոր սովորական մեքենային գոնե մի քանի վայրկյան անհրաժեշտ է արագություն հավաքելու համար, ապա էլեկտրամոբիլների դեպքում ակնթարթային է դա տեղի ունենում» — բացատրեց Հայկ Շեկյանը:
Մեքենան կարող է հայտնել, որ, օրինակ, գիշերային ժամերին, երբ չեն վարելու, ինքը թարմացնելու է ծրագրերը:
Մեքենաները միացված են համացանցին, ձեռք բերելիս ակտիվացնում են գործառույթները: Առանց ակտիվացնելու էլ հնարավոր է վարել, ուղղակի այդ դեպքում պերսոնալիզացիա՝ անհատականացում տեղի չի ունենա: Մեքենան կցված է նաև հեռախոսին, որի միջոցով համացանցով կապ ունի արտադրողի սերվերների հետ, որտեղից էլ իրականացվում է սպասարկումը՝ առանց որևէ անհանգստություն պատճառելու վարորդին:
‟
«Շտիգենը» ներկրում է 2020 և 2021 թվականների արտադրության Hozon- ի Neta N01 և Neta U էլեկտրամոբիլներ, որոնք մեկ լիցքավորմամբ ընթանում են 300-500 կմ՝ մինչև 155 կմ/ժ արագությամբ, մեկ կիլոմետրն արժենում է 4-6 դրամ:
Նոր էլեկտրական մեքենա ընտրելն ու գնելը երբեք այսքան հեշտ ու արագ չի եղել։
«Մեկ-երկու տարում էլեկտրամոբիլների թիվը մեր երկրում կհասնի 5000-ի: 10 տարի զբաղվելով արևային էներգիայով՝ մեր կողմնորոշումը եղել է IT տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում: Մեծ հնարավորություններ ենք տեսնում էլեկտրական մեքենաների ոլորտում: էներգետիկ համակարգի մի դրսևորում էլ դա է: Ընդլայնում ենք գործունեությունը. ապահովելու ենք արագ լիցքավորման կայաններով, անհրաժեշտ մասերով, իսկ սպասարկմամբ արդեն իսկ զբաղվում ենք, չնայած՝ էլեկտրական մեքենաները սպասարկման կարիք գրեթե չունեն»,- ասաց Հայկ Շեկյանը:
Եթե պատրաստ եք մեքենայի համար վճարել բարձր գին, ապա, ինչ խոսք, առանց երկմտելու ընտրեք էլեկտրամոբիլը, իսկ, երբ չունեք հարկավոր գումարի մի զգալի մասը, ապա դիմում եք բանկ՝ ավտովարկավորման, և սկսվում է… Կարող եք մինչև 7 տարի մարմամբ էլ ընտրել, միայն թե՝ կանխավճարը և մյուս պայմանները նույնն են, ինչ շարժիչով մեքենաներինը. ոչ մի առավելություն: Մինչդեռ, էլեկտրամոբիլների դեպքում գրեթե բոլոր երկրներում արտոնություններ են տրամադրում ոչ միայն բանկերը, այլև պետությունը:
Նույն Չինաստանում նոր էլեկտրամեքենա գնելիս պետությունը 20 տոկոսով սուբսիդավորում է, մեքենան գրանցում են արտահերթ: Հարևան Վրաստանից սկսած՝ մյուս երկրները նույնպես բոլոր ժամանակների համար առավելություններ են տրամադրում էլեկտրամոբիլ գնողին:
Մի կողմ թողնելով փոխարժեքի տատանումը (այն ազդում է ամեն ինչ վրա), բեռնափոխադրումների գնի աճը (համընդհանուր միտում է), որոնք ազդում են մեքենայի արժեքի վրա, հասկանանք, թե ի՞նչ է անում մեր պետությունը:
Էլեկտրական մեքենաների մասին օրենսդրությունը թերի է, լրացումների և հստակության կարիք կա: Նման կարծիք ունի «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լուիզա Վարդանյանը: Հիմնադրամը խթանում է էլեկտրական մեքենաների գործածումը Հայաստանում տարբեր ծրագրերով (էլեկտրական լցակայաններ է տեղադրում ամբողջ հանրապետությունում, տեղեկացնում էլեկտրամոբիլների օգտակարության մասին և այլն):
«Պարզ չէ, թե ի՞նչ է լինելու 2021-ից հետո: Արդեն իսկ պետությունը պետք է շատ հստակ և արտոնություններ տրամադրող օրենք ունենար էլեկտրամեքենաների վերաբերյալ, միայն այդ կերպ հնարավոր կլիներ վերացնել անորոշությունն ու խթանել երկրում նոր, էկոլոգիապես մաքուր, քաղաքացիների համար շատ ձեռնտու այս մեքենաների գործածումը: Ի դեպ, խնդիր կա նաև գույքահարկի մասով. անհասկանալիորեն էլեկտրամոբիլները նույն կերպ են հարկվում, ինչպես մնացած մեքենաները, տարանջատում չկա»,- ասաց Լուիզա Վարդանյանը:
Նա շեշտեց՝ այո, թանկ հաճույք է լավ էլեկտրամոբիլ ունենալը, բայց եթե ֆինանսական հաստատությունները՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, պետության հետ մեկտեղ ճիշտ քաղաքականություն վարեն և որոշ արտոնություններ տրամադրվի՝ բնակչությանն առաջարկելով մատչելի ֆինանսական պրոդուկտներ, հնարավոր կլինի նաև այս մեքենաների միջոցով զարգացնել երկրի էկոհամակարգը:
«Մեծ հաշվով՝ Հայաստանի էներգետիկ ոլորտը պետք է լինի հնարավորինս անկախ, կայուն, զարգացած, պատրաստ ենք օգտակար լինել դրան միտված բոլոր գաղափարները կյանքի կոչելու գործում: Էլեկտրական մեքենաները ՏՏ հեղաշրջում են: Հարկ է, որ մեր քաղաքացիներն ունենան դրանից օգտվելու հնարավորություն, բայց առանց պետական աջակցության դժվար է»,- ասաց Լուիզա Վարդանյանը:
Վերջին մեկ տարում, այդուհանդերձ, կա առաջընթաց. միանգամից մի քանի ընկերություն արդեն հայտարարել է, որ զբաղվելու է Հայաստան էլեկտրամոբիլներ ներկրելով և մարտկոցների հարցով: Հեռանկարային և հնարավորություններով լի այս դաշտը նոր է ձևավորվում մեր երկրում, և պետության խրախուսելը կնպաստի արագ զարգացմանը: