Օդի ջերմաստիճանն ու արևային վահանակի արտադրողականությունը
29 Հունիսի, 2023
Արևային վահանակների աշխատանքի արդյունավետության վրա կարող են ազդել մի շարք արտաքին գործոններ, օրինակ՝ ջերմաստիճանը, քամին և այլն: Հզորության ջերմաստիճանային գործակիցը, որը վահանակի տեղեկատվական թերթիկում կարող եք փնտրել Temperature Coefficient of Pmax գրառմամբ, հաճախ անվանում են նաև Pmax ջերմաստիճանային գործակից:
Սա ցույց է տալիս, թե ինչպես է արևային վահանակի առավելագույն թողունակությունը փոխվում՝ պայմանավորված ջերմաստիճանի տատանումներով: Գործակցի բացասական արժեքը ցույց է տալիս, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ վահանակի արդյունավետությունը նվազում է:
Վահանակի առավելագույն հզորությունը, որը նշված է տեխնիկական փաստաթղթերում, ստացվում է որոշակի պայմաններում, օրինակ՝ կոնկրետ ջերմաստիճանի, քամու արագության և արևի ճառագայթման դեպքում։ Տվյալ դեպքերի համար սովորաբար ջերմաստիճանը վերցվում է 25 աստիճանը։
Արևային վահանակի բնութագրում հանդիպող Pmax= -0,34% մակնշումը նշանակում է, որ ջերմաստիճանի՝ 25 աստիճանից բարձր յուրաքանչյուր 1 աստիճան ցելսիուսով բարձրացման դեպքում վահանակի առավելագույն թողունակությունը կնվազի 0,34%-ով։ Սա համարվում է լավագույն ցուցանիշներից։Այս սկզբունքով նվազումը կարող է զգալի ազդեցություն ունենալ վահանակի ընդհանուր աշխատանքի վրա հատկապես շոգ բնակավայրերում:
Pmax ջերմաստիճանային գործակիցը հասկանալը կարևոր է արևային համակարգերի նախագծման և տեղադրման համար: Հաշվի առնելով այս գործակիցը՝ ինժեներները և տեղադրողները կարող են ընտրել վահանակների համապատասխան տեսակ ու չափս և գրագետ որոշումներ կայացնել վահանակների տեղադրման, հովացման կամ օդափոխության վերաբերյալ՝ հնարավոր կորուստները մեղմելու համար: Ավելին, արտադրողները շարունակ ձգտում են բարելավել արևային վահանակների տեխնոլոգիան՝ նվազեցնելու Pmax ջերմաստիճանային գործակիցը: Արդյունքում՝ ավելի ցածր գործակից ունեցող վահանակները կարող են ավելի լավ դիմակայել բարձր ջերմաստիճանի՝ ապահովելով էլեկտրաէներգիայի ավելի արդյունավետ արտադրություն նույնիսկ ամենատոթ վայրերում:
Այսօր Shtigen-ի ներկայացրած վահանակներն ունեն -0,34% ցուցանիշը։