Call Us: +374 91 19 28 18
Ցանցին միացված 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ առաջին ԱրԷԿ-ը «Շտիգեն»-ից

13.12.2017թ-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքում տեղի ունեցավ «Գրին Էներջի» 1ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

1ՄՎտ դրվածքային հզորությամբ «Գրին Էներջի» արևային կայանը կառուցվել է «Շտիգեն» և «Բաղրամյանշին» ընկերությունների սերտ համագործակցությամբ: Ֆինանսավորվել է «ԱԿԲԱ Լիզինգ»-ի կողմից գերմանական KfW բանկի ֆինանսական միջոցներով: Բացման հանդիսավոր արարողության ընթացքում «Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց. «Թեև մենք ունենք ավելի հզոր արևային ջերմային կայանի կառուցման փորձ (խոսքը «Գրանդ Սպորտ սպորտային համալիրում կառուցված 1,5 ՄՎտ պիկային հզորությամբ կայանի մասին է), այս կայանն անձամբ ինձ համար հատուկ նշանակություն ունի. այն մեր առաջին 1ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանն է, կայանը կառուցվել է մի քանի ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ և ամբողջությամբ տեղական ուժերով: Կայանը Թուրքիայի սահմանից մոտ 3կմ հեռավորության վրա է ու բացի իր էներգետիկ նշանակությունը նաև յուրօրինակ զարգացման խորհրդանիշ է, մասնավոր և պետական երկարաժամկետ ծրագրերի մի օրինակ»: Հայկ Շեկյանը՝ որպես կատարված աշխատանքի որակի երաշխիք նշեց նաև այն փաստը, որ վերջերս կայան այցելած միջազգային փորձագիտական խումբը բարձր է գնահատել կատարված աշխատանքը ինչը, ըստ նրա, արևային էներգետիկայի ոլորտի կայացման կարևոր չափանիշ է:

«Ես համոզված եմ, որ այս կայանը դեռ սկիզբն է։ Մեկ-երկու տարի անց 1 ՄՎտ կայաններին նայելու ենք այնպես, ինչպես այսօր նայում ենք մեկ արևային մարտկոցին», – Շտիգեն ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանը: