Call Us: +374 91 19 28 18
Արևային Այբ՝ հարցազրույց Արամ Փախչանյանի հետ

Արևային Այբ՝ հարցազրույց Արամ Փախչանյանի հետ

aram-pakhchanyanՎերջերս Այբ դպրոցը սկսեց օգտագործել արևային ջրատաքացուցիչներ, ուստի մենք զրուցեցինք Այբ դպրոցի տնօրեն պրն․ Արամ Փախչանյանի հետ արևային ջրատաքացուցիչների օգտագործման իրենց փորձի, առավելությունների կամ հնարավոր խնդիրների, ինչպես նաև Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին։

 

 

 


 

– Այբ դպրոցը բոլոր ասպարեզներում առաջադեմ է, այդ թվում նոր տեխնոլոգիաների կիրառման: Վերջերս դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Ինչպե՞ս հանգեցիք այդ որոշմանը` գաղափարական թե տնտեսական դրդապատճառներով:

«Այբ» դպրոցը առաջին հերթին գաղափարական միջավայր է։ Մենք ձգտում ենք ոչ միայն ուղղակի հաջողություններ ունենալ, այլ կիսվել այդ հաջողություններով եւ օրինակ ծառայել։ Սակայն, ոչ մի օրինակ չի աշխատի, եթե այն չլինի արդյունավետ։ Այս դեպքում մենք ունենք միանշանակ արդյունավետություն, ընդ որում դպրոցի պայմաններում այն ավելի մեծ է, քան սովորական բնակարանների դեպքում, քանի որ դպրոցներում չի կարելի բնական գազ այրել, եւ ջրի տաքացումը իրականացվում է որոշ հեռավորության վրա գտնվող առանձին կաթսայատան միջոցով, որից տաք ջրի մատակարարումը դպրոց կապված է զգալի ջերմային կորուստների հետ, առավել եւս երբ այդ ջրի պահանջը մեծ չէ։

 

– Այդ սարքն իրեն արդարացնու՞մ է:

Այո, միանշանակ։ Սակայն ձմռան ամիսներին երբ ամպամած օրերն ավելի հաճախ են, տաք ջրի անհրաժեշտ քանակ չենք ստանում, այդ պատճառով մտածում ենք երկրորդ սարքի տեղադրման մասին։ Հապաղում ենք միայն այն պատճառով, որ նոր մասնաշենքի շինարարությունն ենք նախաձեռնել, եւ ներկայումս մեր բարերարներից ստացված գումարները ուղղում ենք այդ շենքի կառուցմանը։ Իդեպ, այդ շենք էլ պարտադիր կահավորված կլինի արեւային տաքացման սարքավորումներով։

 

– Աշակերտները ծանո՞թ են այդ տեխնոլոգիային:

Մենք ունենք էլոլոգիայի դասեր, որոնց ընթացքում ծանոթացնում ենք աշակերտներին նաեւ էներգախնայողությանը վերաբերվող տարբեր հարցերին։ Սակայն քանի որ սարքավորումը գտնվում է շենքի տանիքում, ուր աշակերտների մուտքը վտանգավոր է, մենք հնարավորություն չունենք իրենց գործնական կերպով ծանոթացնել դրա հետ։ Սակայն, կարծում եմ, իրենց մեծամասնությունը գիտի, որ մեր դպրոցում նման սարք է կիրառվում։

ayb-2

– Վերականգնվող էներգկայի և էներգախնայողության մասին այսօր շատ են խոսում, ձեր կարծիքով ի՞նչ գործնական հնարավորթություններ ունի այսօր հասարակ քաղաքացին, դրանք մատչելի՞ են, դուք օգտագործու՞մ եք:

Այո, ես համարում եմ, որարևային ջրատաքացուցիչները պիտի դառնան շատ սովորական մեր տների տանիքներին, քանի որ իրենց վրա կատարված ծախսը շատ արագ են հատուցում։ Ավելին, հարցը միայն ծախսի հատուցում չէ։ Արեւային տաքացման սարքերի կիրառումը հոգեբանական որոշ ազատություն է տալիս, քանի որ տաք ջրի արժեքը փաստացիորեն հավասարվում է սառը ջրի արժեքին։ Իհարկե, կարելի է առարկել, որ սարքը նաեւ գին ունի, սակայն ավելի շատ ջուր օգտագործելիս այն չի «մաշվում», եւ սա նշանակում է, որ եթե նախկինում լոգանք ընդունելիս ներքին մտահոգություն կար, որ չափից դուրս տաք ջրի օգտագործումը ծախս է հարուցում, հիմա՝ ամառվա շոգ օրերին կարելի է առանց մտահոգվելու օրվա մեջ մի քանի անգամ վայելել լոգանքի պարգեւած թարմության հաճուքը։

 

– Ինչպիսին է ըստ Ձեզ արևային էներգիայի զարգացման հեռանկարները Հայաստանում:

Ես կարծում եմ, որ միայն տաք ջրով այն չպիտի սահմանափակվի։ Տարեց տարի ավելի մատչելի են դառնում արեւային մարտկոցները։ Մյուս կողմից, տարածվում են եւ լայն կիրառում են ստանում էլեկտրախնայող լուսադիոդային լամպերը, որոնց էներգիայի ծախսը նույն լույսի քանակի դիմաց տասնապատիկ նվազ է։ Եթե մեր իշխանությունները լուրջ վերաբերվեն այս հարցին, եւ խթանող ծրագրեր նախաձեռնեն (օրինակ՝ արտոնյալ պայմաններով վարկավորում) ապա Հայաստանի տարածքի զգալի մասը կկարողանա ամբողջովին ապահովել իրեն էլեկտրաէներգիայով շնորհիվ արեւային օրերի քանակի եւ տարվա ընթացքում բավականին բարձր միջին ջերմաստիճանի։ Դրան զուգահեռ ժամանակն է վերանայել շինարարական չափորոշիչները, որպեսզի նոր եւ կապիտալ վերանորոգման ենթարկվող շինությունները ունենան էներգախնայման բարձր չափանիշներ։ Իմ համոզմունքով, Մեծամորի ատոմակայանի այլընտրանքը ոչ թե նոր էլետրակայաններ ստեղծելն է, այլ էներգիայի օգտագործման նվազեցումը եւ արեւային էներգետիկան։

Շնորհակալություն:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*