Call Us: +374 91 19 28 18
Արևային էներգիայի սակագինը մրցունակ կլինի

Արևային էներգիայի սակագինը մրցունակ կլինի

Վերականգնող էներգիայի եւ Հայաստանում դրա զարգացման վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:

– Հայաստանը բավականին մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ ունի, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 30%-ը: Այդ պաշարների ո՞ր մասն է օգտագործվում եւ ի՞նչ քայլեր են արվում դրանց առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

– Հայաստանի  էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսից ավելին մենք արդեն ապահովում ենք վերականգնվող աղբյուրներից: Վերականգնվող էներգիայի  ոլորտում այսօր Հայաստանում օգտագործվում են հիմնականում հիդրոռեսուրսները: Մենք ունենք 162 փոքր ՀԷԿ, ինչպես նաեւ երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրները՝ Սեւան-Հրազդան ու Որոտան ՀԷԿ-երի համալիրներ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին, մի շարք ծրագրեր է իրականացնում եւ նախատեսում իրականացնել՝ Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ մինչեւ 2025 թվականը, եւ վստահեցնում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այսօրվա էներգահամակարգից շատ տարբերվող էներգահամակարգ:

-Արեւային էներգիայի օգտագործման մասին ի՞նչ կասեք: Վերականգնվող էներգետիկ այս ռեսուրսը որքանո՞վ է արդյունավետ օգտագործվում մեզանում:

– Հայաստանում արեւի էներգիայի մեծ ներուժ ունենք: Արեւային ռեսուրսի օգտագործման հիմնական խնդիրը մինչ այսօր եղել է այդ ոլորտի կապիտալ ներդրման չափը: Վերջին տասը տարիների ընթացքում արեւային ֆոտովոլտայիկ էլեմենտների գինն էապես նվազել է, եւ այսօր տնտեսապես շատ շահավետ է արեւային կայանների կառուցումը: Վերջին 4 տարում այն շուրջ 80 տոկոսով ավելի մատչելի է դարձել: Տարբեր երկրներում արեւային կայաններն արդեն իսկ մրցակցում են ավանդական ջերմային կայանների հետ:

Մենք մշակել ենք հստակ ծրագրեր արեւային էներգետիկայի զարգացան համար: Տարբեր  չափումների համաձայն, գիտենք, որ Հայաստանում կա 6-7 հազար ՄՎ-ի ներուժ, սակայն չենք ուզում, որ վարելահողերն ու գյուղատնտեսական նշանակության հողերը ծածկեն ֆոտովոլտայիկ էլեմենտերով: Նախնական  գնահատականների համաձայն, կարելի է գյուղատնտեսության համար ոչ պիտանի  հողատարածքների վրա կառուցել գրեթե 1000 ՄՎ հզորության կայաններ: Առաջին փուլում կկառուցենք 30-50 ՄՎ՝ հասկանալու համար Հայաստանում այդ տեխնոլոգիաների կիրառման յուրահատկությունները, կլիմայական ազդեցությունը: Դրա համար մեզ պետք է փորձարկման շրջան, որն այս տարի ենք նախատեսում:

Հայաստանի  6 տարբեր կետերում կտեղադրենք արեւային ռեսուրսը գնահատող մետեոկայաններ, որոնց սնուցման աղբյուրը լինելու են ֆոտովոլտայիկ էլեմենտերը: Շուրջ մեկ տարի ուսումնասիրություններ ենք կատարելու միջազգային փորձագետների ներգրավմամբ, որի արդյունքում կկազմենք ներդրումային ծրագրեր ու մրցույթ կհայտարարենք: Այնուհետեւ կընտրենք ներդրողներ ու նրանց կտանք լիցենզիաներ՝ արեւային կայան կառուցելու համար:

Մրցույթի հիմնական չափանիշը լինելու է կիլովատի ցածր գինն ու կայանի արդյունավետությունը: Այս ամենի արդյունքում ուզում ենք ստանալ 1 կիլովատի այն իրական գինը, որը կիրառելի է Հայաստանի համար: 2015-2016 թվականների ընթացքում կապացուցենք, որ մեր ռեսուրսն այնքան լավն է, որ կարող ենք  ունենալ արեւից ստացվող էլեկտրաէներգիայի 1 կիլովատի համար սահմանված ռեկորդային ցածր գին: Համոզված եմ, որ արեւային էներգիայի սակագինը մրցունակ կլինի ջերմային էներգիայից ստացվող սակագնի հետ կամ, նույնիսկ, ավելի ցածր կլինի:

Արեւային ջրատաքացուցիչները արդեն սկսել են բավականին լայն տարածում ունենալ նաեւ կենցաղում: Այդ տաքացուցիչները տեղադրելով՝ կարող եք խնայել տաք ջրի վրա ծախսվող գումարների մոտ 80 տոկոսը եւ ներդրման հետգնումն  ապահովել 3-5 տարում: Հատուկ այս տեխնոլոգիաների համար հայաստանյան բանկերը  շատ լավ ֆինանսավորման պայմաններ են առաջարկում, որոնք, համոզված եմ, առաջիկայում ավելի շահավետ եւ նպատակային կդառնան: Մեր նպատակն է այնպիսի պայմաններ  ստեղծել Հայաստանում, որ ամեն տանիք դառնա էներգիա արտադրող միկրո-կայան: Դրա փորձը աշխարհում կա եւ վստահ եմ, որ մի քանի ճիշտ քայլերից հետո, մեր մոտ էլ այդ գործընթացը շուտով մեծ թափով առաջ կգնա:

– Ձեր գերատեսչությունը որքանո՞վ է բաց վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման ճանապարհների վերաբերյալ ծրագրեր ունեցող անձանց, մասնավոր հատվածի հետ համագործակցելու հարցում:

-Մենք շատ բաց ենք համագործակցության համար: Ներդրողների, ֆինանսական կառույցների հետ հանդիպումներն ամենօրյա բնույթ են կրում: Կարծիքներ եւ առաջարկներ ենք լսում բոլոր կողմերից: Լավ ծրագրեր շատ կան եւ մենք մեր հնարավորությունների շրջանակում սատար ենք կանգնում դրանց: Սակայն, ցավոք, պետք է նաեւ արձանագրեմ, որ Հայաստանում հեղափոխական գյուտեր դեռ չեմ տեսնում: Ինձ մոտ եղել են շատ գիտնականներ, որոնք ներկայացրել են տարբեր ծրագրեր, սակայն գրեթե ոչ մեկը փորձաշրջան չեն անցել, հիմնականում պատենտավորված չեն եւ հեղինակներն իրենք էլ չգիտեն՝ ինչպիսի աջակցություն են ակնկալում:

Իհարկե, եղել են լավ գաղափարներ, լավ ծրագրեր ունեցող ընկերություններ, որոնք էներգետիկայի նախարարության եւ այլ կառույցների հետ համատեղ ծրագրերի շրջանակներում ստանում են գրանտներ՝ փորձանմուշներ պատրաստելու համար: Հուսով ենք, որ հետագայում ավելի կիրառական առաջարկներ կունենանք մասնավոր սեկտորի կողմից:

Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ` http://www.banks.am/am/news/interviews/10449/

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*